Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնել են, որ շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների պատանեկան առաջնությունում հաղթել է աղջիկների մրցաշարում։
Մարիամ Մկրտչյանը սեպտեմբերի 15-ին անցկացված նախավերջին տուրում սեւերով հաղթել է լեհ Մարտինա Վիկարին։ Նա 10 հնարավորից վաստակել է 10 միավոր եւ դարձել անհասանելի իր մրցակիցների համար։ Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ է հռչակվել աշխարհի չեմպիոն։
Նախօրեին Հայաստանի շախմատի առաջնության Մկրտչյանը տոնել էր 9-րդ հաղթանակը։ 9-րդ տուրում նա սպիտակներով 41–րդ քայլին պարտության էր մատնել 6,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցնող հնդիկ շախմատիստուհի Կանիշկային:
Առաջնությունում խաղարկվող մեդալներին էր հավակնում նաեւ ռումինացի Անդրեյ Ֆիլիպինին սպիտակներով հաղթած Էմին Օհանյանը: Նա 7,5 միավորով հնդիկ Պրանավ Անանդի հետ գլխավորում է մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարի աղյուսակը:
Հայկ Մարտիրոսյանը տարել է 4 հաղթանակ, 6 ոչ-ոքի եւ ոչ մի պարտություն
Տաշքենդում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն էլ առանց պարտության ավարտել է «Ուզբեկստանի նախագահի գավաթի» 2-րդ միջազգային մրցաշարը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։
Մրցաշարի 10 խաղերից հետո, վաստակելով 7 միավոր, Հայկը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոեւին։
Հայկը մրցաշարում տարել է 4 հաղթանակ, 6 ոչ-ոքի եւ ոչ մի պարտություն։