ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի նախապես ծրագրված լայնածավալ հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ հարձակումը կանգնեցնելու նպատակով Հայաստանի ձեռնարկած քայլերը։ Հայկական կողմն անթույլատրելի է համարում նաեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։
«Ադրբեջանական կողմի` նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տեւական եւ համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական եւ համարժեք դատապարտումը»,- ասել է Միրզոյանը։
Երկուստեք կարեւորվել են նաեւ հրադադարի ռեժիմի պահպանումը եւ Ադրբեջանի հարձակման հետեւանքների շուտափույթ վերացումը։
Արարատ Միրզոյանը եւ Տոյվո Կլաարը նաեւ մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետության վերաբերյալ։