Իրանական ParsToday-ը հայտնել է, որ Թեհրանի համալսարանի մշակույթի եւ սոցիալական հարցերի բաժնի եւ Իրանագիտության ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իրան-Հայաստան մշակութային ընդհանուր հայացք» խորագրով վեբինարը: Ելույթ են ունեցել իրանագետներ Գուրգեն Մելիքյանը, Վարդան Ոսկանյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Մահմուդ Ջաֆարի Դեհաղին, Գուդարզ Ռաշթիանին եւ Մաջիդ Քյարիմին:
Ըստ «ԻՐՆԱ» գործակալության, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը վեբինարում իր ելույթում ասել է, որ պարսկերենը իրանական ինքնության մի մասն է եւ միջազգային բնույթ ունի, միջազգային լեզու է՝ ընդգծելով, որ իրանական մշակույթի մեծագույն գործիչներ Ֆիրդուսին, Օմար Խայամը, Հաֆեզը, Սաադին եւ Ռումին միջազգային հեղինակություն են վայելում:
Հայ պարսկագետը, խոսելով Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, Պաղեստինում ու Եգիպտոսում պարսկերենի լայն տարածման մասին՝ ընդգծել է, որ անգամ օսմանյան կայսրերը իրենց խոսքում պարսկական պոեզիայից մեջբերումները համարել են արքայականության նշան:
Մելիքյանը նշել է, որ այսօր պարսկերեն անցնում են Հայաստանի 15 դպրոցում եւ 7 բուհում՝ այդ թվում՝ ԵՊՀ-ում:
«Հայ գրերի գյուտից՝ 5-րդ դարից ի վեր, հայ գրիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել պարսկական գրականությանը, եւ դա բնական է, քանի որ հայերը Իրանը համարել են իրենց եղբայրը եւ հավատարիմ են եղել իրանցիներին դեռեւս պարթեւների ժամանակներից»,- հավելել է նա:
Բանասեր, պարսկագետ Անդրանիկ Սիմոնյանն էլ վեբինարի ընթացքում հիշեցրել է, որ հայերենը միջին պարսկերենից 1411 բառ է փոխառել,- նշել է իրանական կայքը: