«Պատերազմը չի ավարտվել․․․
Յուրաքանչյուր հայ՝ մեծ ու մանուկ, կին թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք։ Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով։ Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաեւ գիտելիքի ու միասնության շնորհիվ․․․»:
2020-ի նոյեմբերի 10-ին այս խոսքերը ֆեյսբուքյան իր էջում 18 տարեկան Ռուդիկ Ղարիբյանն էր գրել։ Այդ ժամանակ նա նոր էր դպրոցն ավարտել ու հասցրել էր համալսարան ընդունվել։ Իսկ 2021-ին ալավերդցի պատանին արդեն նորակոչիկ էր, որը ժպիտը դեմքին բանակ գնաց չավարտված պատերազմի պայմաններում։
2022-ի հունվարի 11-ին Ռուդիկը ԱԹՍ-ի հարվածից զոհվեց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում։ Ալավերդին մեծ ցավով ճանապարհեց ժպտացող իր տղային։ Հետո նրա գերեզմանին ծածանվեց եռագույնը, օրեր անց Ալավերդու համայնքապետն ու Թումանյանի զինվորական կոմիսարը Մարտական ծառայության մեդալը հանձնեցին միակ որդուն կորցրած ընտանիքին։ Իսկ երկու ամիս առաջ Ռուդիկի 20-ամյակը հիշատակի միջոցառումով նշեցին նրա ուսուցիչներն ու ընկերները։ Հետո Ռուդիկենց շենքի շքամուտքի մոտ հուշատախտակ փակցվեց։
Սգացին, ցավեցին, հպարտացան հազարավոր այն ընտանիքների պես, որոնք 44-օրյա պատերազմում զավակ են կորցրել։ Բայց Ռուդիկը «խաղաղության» զոհերից էր, նրա չզոհվելու համար հազարների կյանք էր տրվել ու հայրենիք։
2022–ի սեպտեմբերի 13-ին Հայաստան մտած պատերազմն առիթ դարձավ, որ Ռուդիկի ընկերները նորից տարածեն նրա գրառումը չավարտված պատերազմի, միասնական լինելու, կրթվելու եւ զենքից բացի գիտելիքով հաղթելու անհրաժեշտության մասին։
«Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագայում աշխատանք ունենալու համար։ Ուսուցչից/դասախոսից պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ։ Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում։ Հիշեք՝ Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելուն եւ կրթվելուն․․․»:
Պատերազմից երկու տարի անց, երբ նորից պատերազմ է, ակնհայտ է՝ ոչինչ չի արվել։ Մենք հիմա պառակտված ենք առավել քան երբեւէ։ Կամ էլ՝ ինչպես միշտ։ Իշխանության եւ ընդդիմության կուսակցական գզվռտոցն այլ արդյունք տալ չէր կարող։
Եթե պատերազմն ավարտվի, եւ իշխանությունը շարունակի «ղեկին մնալ», Հայաստանի ութ մարզերում սեպտեմբերի 25-ին հավանաբար ընտրություններ կլինեն։ Լոռու մարզի չորս համայնքների շարքում Ալավերդին էլ համայնքապետ է ընտրելու։ Պայքարող չորս քաղաքական ուժերից երկուսը՝ «Ապրելու երկիր»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որ մինչ այս ակտիվ քարոզարշավ էին անցկացնում, սեպտեմբերի 13-ին հայտնեցին այն դադարեցնելու մասին՝ իրենց հայտարարություններում պատերազմը «սահմանային լարված իրավիճակ» անվանելով։
Վերադառնալով Ռուդիկի երազած միասնությանը՝ հարցնեմ՝ ի՞նչ միասնություն մի երկրում, երբ փաստացի 30 հազար ընտրող ունեցող մեկ համայնքում միայն կուսակցությունների համամասնական ընտրական ցուցակներում այդ համայնքի բնակիչներից որպես թեկնածու 16–ից (ՀՅԴ) 81 (ՔՊ) մարդ է ընդգրկված։ Եվ նրանցից յուրաքանչյուրն իր տեղում, իր բնակավայրում ամեն օր ու ժամ «աշխատում» է իր ներկայացրած քաղաքական ուժի կողմը քաշել առնվազն տասը մարդու։ Դասական պառակտման այս ֆոնին իմաստ կա՞ միասնությունից խոսելու։
Այս տողերը կարդալիս «ներկաներ»-ն անպայման կհիշեն «նախկիններ»-ին, բայց մտքում անգամ չեն խոստովանի, որ իրենք էլ նույնն են անում։ Տասնամյակների ընթացքում կուտակված անգամ պարզ խնդիրները չլուծելու եւ գործած սխալների մեջ անընդհատ ուրիշներին մեղադրելու (կապ չունի՝ ում) երեխայական բարդույթի ֆոնին իմաստ կա՞ միասնությունից խոսելու։
44-օրյա դաժան, անհավասար պատերազմից հետո Ռուդիկը հասկացել էր, որ մեզ նաեւ շատ կրթվել է պետք։ Բայց հետպատերազմյան երկու տարում ջանքեր այստեղ էլ չգործադրվեցին։ Ավելին՝ չշտկվեցին նախկինում թույլ տրված սխալները։
Սերունդ կրթելու, դաստիարակելու, հայրենիքն ուղնուծուծով ճանաչել եւ սիրել տալու իրենց առաքելության փոխարեն կրթության մշակներն այսօր համաձայնություն են տվել ընտրացուցակներում լինելու։ Սպասվող ընտրություններում նրանք համայնքապետ, ոմանք էլ՝ գոնե ավագանու անդամ չեն դառնալու՝ լծվելու համար հանրօգուտ, հայրենանպաստ գործի։ Այս ընտրություններում նրանք կուսակցությունների համար «ձայն բերողներ» են, մյուս գործընթացներին անշուշտ չեն խառնվելու։ Ոմանք էլ չկան ոչ մի ցուցակում, բայց քարոզարշավ անցկացնողներին 24/7 ռեժիմով սատարում են «լայքելով»։
Նրանցի՞ց ենք պահանջելու մեզ ավելի շատ եւ ավելի լավ կրթել։
Կրթության ոլորտում էլ «լավագույն ավանդույթները» պահպանվել եւ շարունակվում են։
«Դարերի պատմություն ունեցող այս պատերազմը մեր հաղթանակով է ավարտվելու»․ 18-ամյա Ռուդիկ Ղարիբյանի այս միտքը շատերիս մեջ արմատացած է վաղուց։ Բայց այսօր «մեր տուն» մտած պատերազմի պայմաններում այն ինչ-որ տեղ նաեւ միամիտ պատրանք է թվում։
Ո՞վ է կերտելու հաղթանակը, երբ սահմանին սպանում են հաղթանակիդ միակ երաշխավորին՝ զինվորին։ Ու նրա չզոհվելու համար ոչ ոք ոչինչ չի անում։ Երկիրը փոքրանում է, մենք` քչանում։ Իսկ «առաջնորդը» հորդորում է չսգալ, այլ հպարտ լինել։
135 զոհ։ Եվ սա, ցավոք, վերջնական թիվ չէ։ Հպարտանա՞լ։ Ինչո՞ւ․․․ մեդալներն արդեն պատրաստե՞լ եք։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։