Հասարակական գործիչ, հրապարակագիր Արա Նախշքարյանը փաստում է. «Գյումրիում 90-ակաների վառվռուն աչքերով տղաներին չեմ տեսնում, որոնք եղանակ էին փոխում, տրամադրություն էին ստեղծում, հաղթական ոգի էին կերտում: Կարծես ոչինչ չի փոխվել, անտարբերության ախտանիշն ավելի է խորանում»:
Ասում է՝ հավատն է կոտրվել, սպասումն է լքել մեզ: Հրապարակագիրը վտանգավոր միտում է տեսնում. իշխանական ամենավերին օղակի ներկայացուցիչներից մինչեւ շարքային քաղաքացին անհագորեն միմյանց սահման ուղարկելու կոչեր են անում, բայց ոչ թե հայրենասիրական մղումներով, այլ որպես պատժամիջոց: «Դրա համար էլ դարերով պառակտվել, մի բուռ ենք մնացել, միշտ էլ հայրենիք ենք կորցրել սեփական ամբիցիաները բավարարելու պատճառով: Անգամ ինձ են ասում՝ գնա՛ սահման: Ես այնտեղից եմ գալիս: Տղաս հիմա սահմանում է, նրան ինքս եմ ասել՝ մեկ փամփուշտ միշտ մոտդ կպահես…»:
«Գնա՛ սահման» մերօրյա ամենահաճախ հնչող արտահայտություններից մեկն էլ լայն քննարկման արժանացավ Գյումրիում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո, երբ հայտարարեց, որ ուզում է ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում իրեն դավաճան կանվանեն, նույնիսկ իշխանությունից կզրկեն, Գյումրիում կրքերը բորբոքվեցին: Ցուցարարները երեկոյան հավաքվեցին Թատերական հրապարակում, փակեցին քաղաքի գլխավոր փողոցները: Այնուհետեւ ավտոմեքենաների բարձր ազդանշանները միացրած՝ շարժվեցին մայրաքաղաք:
Ցուցարարների գործողություններից նեղսրտած՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարսը՝ Անի Քոչարյանը, գրառում էր արել սոցիալական ցանցերում. «01:33. Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ գոռալով ու սիգնալներով շրջում են քաղաքում: Ինչի՞ ծնունդ են սրանք»: Հարցին պատասխանել էր Նազելի Բաղդասարյանը: Նա հարսին տեղեկացրել էր, որ ցուցարարները հասել են իրենց տան մոտ. «Մարդ հավաքի էդ խունտային մի մեքենայում ու դեպի Ջերմուկ քշի»: Հարսը համաձայնել էր, բայց մի պայմանով. «Պետք է սրանց առանց զենք սահման ուղարկել»:
Գյումրեցի Արսեն Վարդանյանը՝ Շիրակի Բազեն, վրդովմունք է հայտնել, որ հայրենիքը պաշտպանելը որպես պատիժ է օգտագործվում: «Ով բանակից թռել է ամբողջ կյանքում, հիմա չթռածներին սահման ուղարկելու «շիրա» է տալիս»։
Գրառմանն անդրադարձել է նաեւ գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանը, որն այդ պահին Ջերմուկում էր: «Առանց ձեզ էլ Ջերմուկում եւ առաջնագծի ողջ հատվածով լիքը մարդ կար առանց զենքի, ձեր դավաճանների ոհմակն ամեն ինչ անում է, որ մենք պարտվենք… Իսկ էդ մարդիկ ինչի ծնունդ չեն, ի տարբերություն ձեզ, իրենք մարդու ծնունդ են, որովհետեւ հայրենիք ունեն, իսկ դուք, բոլորս էլ գիտենք՝ ինչի ծնունդ եք…»:
ՔՊ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նույնպես վրդովմունք է արտահայտել: «Բան չեմ ասի, քանի որ իրենց ի՞նչ ասես, միայն հարցնեմ՝ տեղյա՞կ են, որ իրենց նշած կարգավիճակում նաեւ այսօր սահմանին կանգնած տղաներն են… Թե՞ լավ է։ Ճիշտ եք, բոլորը գնան սահման, կարեւորը դուք մնացեք ձեր տեղում ու ի՜նչ ուզեք արեք»,- նշել է մարզպետի նախկին թիմակիցը:
Հոգեբանական գիտությունների դոցենտ Հայկուհի Կնյազյանն ասում է՝ պատերազմից ու պարտությունից հետո հոգեբանական ճնշվածության հետեւանքով մարդկանց մեջ ագրեսիա է կուտակվել: Հասարակությունը չարացել է, մարդիկ անհանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ: Մարդիկ ենթագիտակցորեն իրար մղում են արարքի, որն իրենք անզոր են անելու, բայց գիտակցում են, որ դա անել է պետք: «Որ մարդիկ անխնա իրար սահմանում զոհվելու են ուղարկում, դա ներքին ագրեսիայի լիցքաթափում է»,- ասում է հոգեբանը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։