ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ճեպազրույցում հայտնել է, որ տեսախցիկներով դիտարկման արդյունքում պարզ է դարձել՝ Ջերմուկում հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբ է հետ քաշվել, հակառակորդի միայն մեկ խումբ է Ջերմուկի մատույցներում՝ 4,5 կմ հեռավորության վրա՝ բլրի գագաթին, սակայն այդ խումբ զրկված է կենսունակությունից, շրջափակված է:
«Ոչ թե ամբողջ ճակատով հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ թե’ սննդով, թե’ ջրով, մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, եւ ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ: Խմբին կողքերից շրջափակել են մեր ստորաբաժանումները»,- նշել է ԳՇ պետը:
Մարտավարական իրադրությունը նա գնահատել է կայուն: Ասրյանը վստահ է՝ հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա:
«Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա, իրենք չեն կարողանում բերել սնունդ ու ջուր ապահովել, եւ կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների՝ 7-8-10 կմ հեռավորության վրա»,-ասել է ԳՇ պետը: