ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցի քննարկման արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ընդունվել։ Սակայն, ըստ նախարարի, միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է մի շարք հարցերի շուրջ։ Այսինքն` երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը։
«Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք համարձակորեն դադարել են ագրեսորի եւ ագրեսիայի թիրախի միջեւ հավասարության նշան դնելուց։ Բայց նաեւ պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, եւ թերեւս նաեւ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել»,– նշել է Միրզոյանը։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը հստակ արձանագրել է, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով տուժել են Հայաստանի Հանրապետության խաղաղ քաղաքացիներ: ԱՄՆ-ը մտահոգված է բախումների ընթացքում Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ:
Միլսը նշել է, որ հարկավոր է անհապաղ վերադառնալ բանակցություններին տեւական խաղաղ լուծման հասնելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը շեշտել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։
«Միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի հասնելու դիվանագիտական ճանապարհով երկարատեւ խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանելու երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵԱՀԿ-ի եւ գործընկերների համակարգման միջոցով, որպեսզի դիվանագիտական ճանապարհով ավարտվի հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ Հելսինկյան ակտը»,- նշել է Ռիչարդ Միլսը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը հայտարարել է, որ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին դուրս բերելու զորքերը Հայաստանի տարածքից եւ հարգելու երկրի տարածքային ամբողջականությունը։ Փարիզը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, որոնց ընթացքում Հայաստանի մի շարք տարածքներ, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքները, ենթարկվել են զանգվածային հրետակոծությունների։
«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին դուրս բերելու զորքերը դեպի ելման դիրքեր, քանի որ դրանք խախտել են սահմանը եւ Հայաստանի տարածք անցել: Այդ հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ի վերջո կողմերը պետք է վերսկսեն ու ակտիվացնեն դիվանագիտական երկխոսությունը, դրանց թվում՝ սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ, ինչպես նաեւ նախազգուշացնեն հնարավոր միջադեպերի մասին՝ սահմանից հեռացնելով զինված ուժերը (այնտեղ թողնելով միայն սահմանապահ զորքերը — խմբ.)»,– ասել է Ռիվիերը:
Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչն ամփոփել է. կողմերը նաեւ պետք է պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը, թույլ տան Կարմիր խաչի առաքելությանը, ինչպես նաեւ ազատ արձակեն գերիներին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նշել է, որ Մոսկվան նախկինի պես այն տեսակետին է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով, իսկ սահմանային հարցերը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է ներկայացնելու իր փորձը, տրամադրելու քարտեզագրական եւ այլ տվյալներ եւ ցուցաբերելու խորհրդատվական-տեխնիկական աջակցություն։
Ռուսաստանը անընդունելի է համարում ուժի կիրառումը եւ կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին կատարելու ռուսական միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին:
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
ՄԱԿ–ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժանելի է արցախյան խնդրից։ Ըստ նրա՝ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության պահպանումը բխում է այս երկրների ընդհանուր շահերից։
Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը նշել է, որ Չինաստանն աջակցում է քաղաքական երկխոսության վրա հիմնված որոշմանը, եւ հույս ունի, որ կողմերը հնարավորինս շուտ կգտնեն միջազգայնորեն ճանաչված իրավական նորմերին համապատասխան լուծում։ Երկու երկրներին կոչ է արվել զսպվածություն ցուցաբերելու եւ միջոցներ ձեռնարկելու իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար։
ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հարձակման, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդումները խոր մտահոգություն են առաջացնում։
«Մենք ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները եւ զսպվածություն ցուցաբերելու։ Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»,- շեշտել է Ռուչիրա Կամբոջը։
ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Նորվեգիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծություններով:
Նա շեշտել է, որ ռազմական գոծողություններն անդրադառնում են սահմանամերձ շրջաններում բնակվող մարդկանց կյանքի եւ անվտանգության վրա եւ խոչընդոտում նրանց համար կարեւոր ենթակառուցվածքների հասանելիությունը:
Նորվեգիան ճանաչում է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:
ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորենն իր ելույթում նշել է, որ Իռլանդիան մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լուրջ մարտերի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում քաղաքացիական կարեւոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին տեղեկություններով, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով:
Իռլանդիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ որեւէ պետության զինված ուժեր չպետք է մնան այլ երկրի տարածքում: Բռնությունը երբեք չի կարող պատասխան լինել: Հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով:
Նա նաեւ շեշտել է ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Իռլանդիայի ներկայացուցչի համոզմամբ՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ոտնահարումն անընդունելի է: Բոլոր ուժերը պետք է վերադառնան մինչեւ այս ցավալի սրացումը եղած դիրքերը:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող բանաձեւերը 27 տարի չեն կատարվել. Ալիեւ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Սամարղանդում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, ասել է, թե միջազգային որոշ առաջատար կազմակերպությունների գործունեությունն արդյունավետ չէ։
Նա օրինակ է բերել 1993 թվականի ՄԱԿ-ի բանաձեւերը, որոնք պահանջում էին հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքից։ Ըստ Ալիեւի՝ եթե ՄԱԿ-ի որոշ բանաձեւեր իրականացվել են մի քանի օրվա ընթացքում, ապա Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող բանաձեւերը 27 տարի չեն կատարվել։
Ադրբեջանի նախագահը կրկնել է տարբեր առիթներով իր հայտարարությունը, որ Ադրբեջանն ինքը ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը եւ ապահովել այդ բանաձեւերի իրականացումը։
Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յանչան հայտարարել էր, որ ՄԱԿ-ը չի կարող ստուգել լարվածության սրման մեջ միմյանց մեղադրող Երեւանի եւ Բաքվի պնդումները, քանի որ նման մանդատ չունի: