Օրերս ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ, երեկ էլ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր համոզել, թե ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի պատճառներից մեկն էլ իրենց իշխանության հաջողություններն են, եւ որ հակառակորդ երկիրը, տեսնելով այդ առաջընթացը, փորձում է կասեցնել։ Փաշինյանը տեղի ունեցածը նույնիսկ անվանեց «հարձակում հայկական ժողովրդավարության դեմ»:
Եթե անկեղծ, պարզ չէ, թե ինչ է նշանակում «հայկական ժողովրդավարություն» եզրույթը։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ մեր ժամանակների երեւելի քաղաքագետներն ու փիլիսոփաները «հայկական ժողովրդավարության» ձեւակերպումը չեն տվել։ Ի՞նչ է սա՝ նոր խո՞սք քաղաքագիտության տեսության մեջ, համաշխարհային ազգին հատուկ նոր երեւո՞ւյթ։
Բայց վերադառնանք Կառավարության վերջին նիստում տեղի ունեցած քննարկմանը։
«Հայկական ժողովրդավարության վրա հարձակման» մասին Փաշինյանի միտքը զարգացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով․«Անցած տարի՝ մայիսի 12-ին, Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք նաեւ հարձակում էր հայկական ժողովրդավարության վրա, որովհետեւ Հայաստանը պատրաստվում էր արտահերթ ընտրություններին, ժողովրդավարության ամենակարեւոր գործիքներից մեկն էր փորձում գործարկել ներքին կայունության եւ ճգնաժամը հաղթահարելու նպատակով»։
Ընտրություների մասին Արմեն Գրիգորյանի հիշեցումն ուշագրավ է մի առումով։ Անվտանգության խորհրդի քարտուղարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նաեւ իր թեկնածությունն է առաջադրել ՔՊ վարչության անդամի ընտրություններում։ Գրիգորյանը երկար ժամանակ է՝ բավական ակտիվ մասնակցում է ներկուսակցական հանդիպումներին՝ տարածքային կառույցների ժողովներին։ Երբ ՔՊ–ական պատգամավորներն են կուսակցական ժողովների մասնակցում, որեւէ մեկը հարցը քննարկման թեմա չի դարձնում, միանգամայն ընդունելի է։ Բայց երբ Անվտանգության խորհրդի քարտուղարը, նաեւ պաշտպանության նախարարը զբաղված են (կամ զբաղված էին) ներկուսակցական հարցերով, մեղմ ասած, անհասկանալի էր։
Ընդ որում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը թեկուզ ոչ աշխատանքային ժամերին ներկուսակցական միջոցառումների էր մասնակցում այն դեպքում, երբ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր լրջագույն մարտահրավերների կիզակետում։ Ավելին՝ իշխանության ներկայացուցիչներն իրենք են հայտարարել, որ ադրբեջանական ԶՈՒ–ն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ շարունակում է մնալ այնտեղ։ Ավելին՝ այդ օրերին սահմաններին թեեւ կրակոցներ չկային, բայց եւ իրավիճակը, մեղմ ասած, մտահոգիչ էր։ Մինչեւ հարձակումը Ադրբեջանը շաբաթներ շարունակ փորձում էր իր գործողությունների համար հիմքեր նախապատրաստել՝ Հայաստանին ամեն օր, օրական մի քանի անգամ մեղադրելով իրենց դիրքերը գնդակոծելու համար։ Նույնիսկ բանը հասավ նրան, որ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը (ի դեպ, ռազմական ագրեսիայից մեկ օր առաջ) բաց տեքստով մտահոգություն էր հայտնել՝ ասելով, որ Ադրբեջանը հարձակման է նախապատրաստվում։
Եվ ահա նման իրավիճակներում ՀՀ ԱԽ քարտուղարը երկրում ներքաղաքական հարցերով էր տարված։ Ինչ տրամաբանությամբ՝ պարզ չէ։ Ընդ որում՝ Գրիգորյանը սովորական պաշտոնյա չէ․նա Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հիմնական բանակցողն է, հիմնական բանագնացը։ Եվ տրամաբանական պետք է լիներ, որ նա քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենար, ուր մնաց առաջադրվեր ՔՊ վարչության անդամի թեկնածու եւ ակտիվորեն մասնակցեր ներկուսակցական հանդիպումների։
Հանուն արդարության նկատենք, որ սահմանային հարձակումներից հետո ՔՊ–ն միանգամայն անսպասելիորեն հետաձգեց համագումարը։ Ամեն ինչ դեռ կորած չէ, եւ իշխանությունների մեջ, այնուամենայնիվ, որոշ ադեկվատություն մնացել է։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: