Օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ էր հրավիրվել, որտեղ քննարկվում էին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունները։ Նիստը հրավիրել էր Անվտանգության խորհուրդը նախագահող Ֆրանսիան։ Հայաստանի դեմ ագրեսիան Ադրբեջանն առաջին իսկ օրից հիմնավորել է որպես պատասխան հայկական կողմի դիվերսիոն գործողությունների։ Այդ քայլը նախապես՝ շուրջ երկու շաբաթ, նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական տոտալ գրոհով ու քաղաքական հայտարարություններով, բնականաբար Թուրքիայի դիվանագիտական ու քաղաքական լիակատար աջակցությամբ։
Այս ամենն, իհարկե, նորություն չէ, ոչ էլ արտառոց երեւույթ հետպատերազմական Հայաստանի մարտահրավերների տեսանկյունից։ Արտառոցն այս անգամ Ռուսաստանի՝ դե յուրե մեր ռազմավարական դաշնակցի արձագանքն էր։ ՄԱԿ ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային սրացմանն ու ադրբեջանական ագրեսիային, հայտարարեց. «Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել եւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բարձրացնել լարվածության աստիճանը, ինչպես նաեւ անշեղորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Ագրեսիայի հենց առաջին օրից ռուսական կողմի տարատեսակ պաշտոնյաները խոսում էին «հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի խափանումների», խաղաղության պայմանագրի աշխատանքների ու կոմունիկացիաների բացման մասին։ Եվ դա, ի վերջո, ամբողջացրեց Նեբեզնյան, երբ ուղղակիորեն հայտարարեց, որ սահմանագծման-սահմանազատման, խաղաղության պայմանագրի ու կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներն ուղղակիորեն փոխկապակցված են, եւ առանց մեկը մյուսի չեն կարող դիտարկվել։
Ուրեմն մեր ռազմավարական դաշնակիցն ընդունում է, որ ադրբեջանական ագրեսիան ու ՀՀ սուվերեն տարածքի դե ֆակտո օկուպացիան պարզապես «խափանումներ են», որ դրանք արդյունք են ոչ թե ադրբեջանական ագրեսիայի, այլ սահմանների անհստակության, եւ որ առանց կոմունիկացիաների ապաշրջափակման (իմա՝ «միջանցքի») այդ բոլոր հարցերն իրարից անկախ չեն լուծվի։
Այսինքն՝ փաթեթային փակուղի՝ սկզբունքորեն անսահմանափակ տեւողությամբ, հավերժ ընթացքով ու գլխավորապես ռուս-թուրք-ադրբեջանական շահերի ծիրում։ Որովհետեւ ինչպես Ադրբեջանն է մեղադրում Հայաստանին իր դեմ ագրեսիայի համար, այնպես էլ Ռուսաստանն է մեր ու նրանց միջեւ հավասարության նշան դնում, խաղաղության կոչ անում եւ շեշտում, որ այդ ամենը չէր լինի, եթե իր հովանավորությամբ, քավորությամբ ու քարտեզներով սահմանները գծվեին, պայմանագիրը կնքվեր, ու միջանցքը ստեղծվեր։
Ստացվում է՝ ունենք դաշնակից, որը չի ճանաչում մեր սահմանները, չի ճանաչում մեր սուվերեն իրավունքները, փոխարենը ճանաչում է մեր հանդեպ ագրեսիայի լեգիտիմությունն ու դրա պատասխանատվության բեռը դնում մեզ վրա։ Չէ՞ որ մենք ենք մեղավոր, որ սահմանագծում չենք արել, իրենց ուզածը չենք տվել, միջանցք չենք բացել, պայմանագրեր չենք ստորագրել։
Առավել գովելի ու հոգատար դաշնակից նույնիսկ պատկերացնել չի կարելի. դաշնակից, որից պրծում չկա։ Դաշնակից, որն ամեն ինչ անում է, որ աղետը դամոկլյան սրի պես կախված լինի գլխիդ, որ զոհերն ու տարածքային կորուստները անպակաս լինեն, որ պաշտպանվելու ո՛չ զենք, ո՛չ կամք ունենաս, որ 5-րդ շարասյուներդ անխափան աշխատեն, ու պետության գաղափարը ստորադասվի կենդանական գոյապահպանության իմպուլսներին։
Նպատակը պարզ է. բերել այնպիսի վիճակի, որ ՀՀ-ն իր իսկ կամքով ու ստորագրությամբ ճանաչի իր իսկ տարածքների անեքսիան, լեգիտիմացնի իր տարածքում միջանցքները, ռուսների կողմից դրանք «տիրություն անելը» եւ համաձայնի այն ամենին, ինչ կպայմանավորվի ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը։ Այսինքն՝ երկու տարվա մեջ երկրորդ անգամ ՀՀ-ն հասցնել ռազմական կապիտուլյացիայի, ստանալ «նոյեմբերի 9-2.0» տարբերակ, մտնել ու փրկել Սյունիքը, տեղակայել զորքեր, դարձնել միջանցք, կլանել Հայաստանը միութենական ֆորմատում եւ հայտարարել, որ այս ամենը ոչ թե դաշնակցային պարտավորությունների չկատարման, 1997 թվականի հայ-ռուսական պայմանագրի դրժման, այլ հայության փրկության դրսեւորում է։
Իսկ Ադրբեջանը պարզապես իր դերն է կատարում այս օպերացիայում, կատարում է ոչ առանց հաճույքի բայց ուժերի գերլարումով, որովհետեւ փաստացի ագրեսիայի ենթարկվածի կարգավիճակից վերածվում է ագրեսորի՝ դրա համապատասխան հետեւանքներով ու միջազգային հնարավոր վտանգներով։ Բայց եթե երազում ես սարի մասին, պատրա՛ստ եղիր բահը ձեռքումդ արթնանալու։ Ու Ալիեւը լավագույնս սերտել է այդ պարզ ճշմարտությունը։ Իսկ մեզ մնում է պարզապես ապավինել ամերիկյան հրաշքին՝ Նենսի Փելոսիի աստվածահաճո կերպարով, ու հուսալ, որ եռյակ միության պլանները կձախողվեն աշխարհի մեծերի՝ նախեւառաջ ԱՄՆ-ի կողմից։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։