Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետեւանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 103-ի։
Ղրղզական կողմն ավելի վաղ հայտնել էր 24 զոհի եւ 87 տուժածի մասին։ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին լայնածավալ ռազմական բախումները սկսվել էին սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերի միջեւ մարտերը շարունակվել էին ամբողջ օրվա ընթացքում եւ դադարել միայն գիշերը։
Ավելի վաղ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու զինված ընդհարումները սահմանին:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը համաձայնության են եկել հրադադարի շուրջ: Կողմերի ներկայացուցիչները մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել համաձայնության գալու ընդհարումների դադարեցման շուրջ, սակայն զինված բախումը շարունակվել է:
Ղրղզական կողմի պնդմամբ, սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումը Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի ուղղությամբ: Հրթիռակոծվել են Բատկենը եւ քաղաքի օդանավակայանը: Վիրավորվել են Ղրղզստանի 42 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Դուշանբեի տվյալներով՝ հրթռիակոծվել է շուրջ 10 բնակավայր:
Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ գրավել մարտական դիրքեր: Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադիր հետեւում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին եւ հույս ունեն, որ զինադադարը կլինի երկարաժամկետ։
Ջրատարը, բախումներն ու ՀԱՊԿ-ի նիստ ու կացը
Տաջիկստանն ու Ղրղզստանը բաժանում է ավելի քան 900 կիլոմետր երկարությամբ ձգվող պետական սահման, որի կեսը սահմանազատված չէ։
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրադրությունն ապակայունացել էր նաեւ նախորդ տարվա ապրիլի վերջին, երբ այստեղ ընդհարումներ էին եղել երկու պետությունների զինծառայողների միջեւ: Ջրատարի շուրջ տեղացիների միջեւ ծագած վեճը հանգեցրել է փոխհրաձգության երկու երկրների սահմանապահների մասնակցությամբ:
Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ լարվածությունը սկիզբ է առել, երբ Տաջիկստանի սահմանապահները տեսահսկման խցիկներ էին տեղադրել սահմանին գտնվող ջրաբաշխիչ կետի մոտ։ Ղրղզական կողմը պահանջել էր ապամոնտաժել դրանք: Երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ։ Ըստ պաշտոնական Դուշանբեի՝ առաջինը կրակ էին բացել ղրղըզ զինծառայողները, որոնք փորձել են գրավել «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետը։
Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ զինված բախումները 2021-ի ապրիլին տեղի էին ունենում նույն րոպեներին, երբ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները հակամարտող երկրներից մեկի մայրաքաղաքում՝ Դուշանբեում, նիստ էին անցկացնում։
Ռազմական կառույցի երկու անդամների միջեւ արյունահեղություն էր տեղի ունենում, Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանամերձ տների բնակիչներին տարհանում էին, տեղերից հաղորդում էին զոհերի եւ ծանր վիրավորների մասին։ ՀԱՊԿ նիստը ոչ միայն չէր դատապարտել, այլեւ որեւէ կերպ չէր անդրադարձել արյունալի այդ բախումներին։
Կոչ էին անում հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով
Ուշագրավ է, որ սեպտեմբերի 13-ին՝ ղրղզա-տաջիկական սրացումից մեկ օր առաջ, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան անհանգստություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ՝ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ անելով հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը