Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է իրականացրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայ զինվորականները ցույց են տվել հրետակոծությունների հետեւանքները հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի տարածքում: Առաքելությունը նաեւ Սյունիքի մարզում այցելել է Գորիս քաղաք եւ Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկից բնակելի տուն է վնասվել:
Սիդորովն ասել է, թե հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել: Նա նշել է, որ դրա հետ մեկտեղ, թե՛ ՀԱՊԿ-ի կանոնադրությունում, թե՛ փաստաթղթերում, թե՛ հենց Պայմանագրում գրված է, որ առաջնայնությունը տրվում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներին:
«Այդ պատճառով դեռ ոչ մի սուր պատյանից չենք հանում եւ ջանում ենք առավելագույնս լուծել հարցերը խաղաղ ճանապարհով», — հայտարարել է գեներալը:
ՀԱՊԿ առաքելության առաջին խումբը Հայաստան է ժամանել երկու օր առաջ, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի եկող շաբաթ: