ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել պահպանելու հրադադարի ռեժիմը եւ հետ քաշելու զորքերը, ինչպես նաեւ աշխատելու Երեւանի ու Բաքվի միջեւ չլուծված խնդիրները բանակցություններով լուծելու ուղղությամբ:
«Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիեւին կոչ է արել պահպանելու հրադադարի ռեժիմը, հետ քաշելու զինված ուժերը եւ աշխատելու Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Բլինքենը նշել է նաեւ իր թվիթերյան գրառման մեջ։
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, որպեսզի ողջունեմ հրադադարն ու հորդորեմ հետ քաշել զինված ուժերը եւ վերադառնալ խաղաղ բանակցություններին»,– գրել է ԱՄՆ պետքարտուղարը։