Շակարթի ամենամեծ ու ամենափոքր նկարներն իրարից չափերով միլիոն անգամ տարբեր են: Նա ցանկանում է այդ տարբերությունը հասցնել մեկ միլիարդ անգամի: Երիտասարդ նկարիչը, սակայն, շատ արվեստագետների նման իր ճանապարհը սկսել է սովորական թուղթ ու մատիտից: Հետո թուղթը փոխարինել է փոքր առարկաներով՝ սուրճի, բրնձի ու լուցկու հատիկներով, կոճակով, դեղահաբերով…
Սկզբում միայն սեւ մատիտով է նկարել, հետո սկսել են գույները գրավել: Նկարչական կրթություն չստացած Շակարթը ժպիտով է հիշում. երբ առաջին անգամ յուղաներկերը ձեռքն է վերցրել, չի իմացել ինչպես օգտագործել, ներկն ինչպես բացել: Ինքնուս արվեստագետի համար նկարչության նրբությունները հասկանալը երկար ժամանակ չի պահանջել:
Մասնագիտությամբ բժիշկ Շանթ Կարապետյանից նկարիչ Շակարթ դառնալու ճանապարհն այնքան սահուն է եղել, որ արվեստագետը դժվարությամբ է հիշում՝ երբ որոշեց վրձինը ձեռքն առնել ու նկարչությունը սիրելի զբաղմունքից նաեւ մասնագիտության վերածել:
Շակարթն ասում է՝ թեեւ բժշկությունն ու նկարչությունը ծայրահեղ տարբեր են, հաճախ էլ՝ հակասական, բայց առաջինի հետքը երկրորդում երեւում է: «Նկարչական դպրոցներում մարդու անատոմիա են սովորում, իսկ ես սովորել եմ բժշկություն: Ինձ չճանաչող մարդիկ, որոնք առաջին անգամ տեսել են իմ գործերը, ասել են՝ շատ լավ անատոմիական ձեռագիր ունես՝ առանց իմանալու, որ ես բժշկական կրթություն ունեմ: Ինձ համար աննկատ է այդ կապը, բայց այն փաստորեն կա»:
Բժշկական համալսարանում սովորելն ու նկարելը համատեղելը հեշտ չի եղել: Ասում է՝ մի նկար ստանալու համար ժամեր ու անքուն գիշերներ են պահանջվում, հետո էլ պետք է առանց քնելու դասի հաճախել: Բայց երկու մասնագիտությունների հանդեպ սերն օգնել է հաղթահարելու դժվարությունը:
Որոշ ժամանակ Շակարթը վստահ է եղել՝ պլաստիկ վիրաբույժ է դառնալու: Ասում է՝ դա ամենամոտն է արվեստին, բայց մտափոխվել է: «Ամեն դեպքում նկարչությունն ուրիշ է: Ծայրահեղ օրինակ է գուցե, բայց եթե մարդու քիթը վիրահատեմ, նա ինչ-որ ժամանակ հետո մահանալու է, իսկ եթե նկարեմ կամ քանդակեմ, ես կմահանամ, բայց այդ գործը կմնա»,- նշում է նա:
2021-ին կայացել է Շակարթի առաջին մեծ ցուցահանդեսը: Հենց այդ ժամանակ է հասկացել՝ եթե նույնիսկ մի օր որոշի մասնագիտություններից մեկից հրաժարվել, բժշկությունը կլինի: «Հիմա ինձ ազատ եմ թողել, չեմ մտածում բժշկության ու արվեստի միջեւ ընտրություն կատարելու մասին: Բայց մի բան հստակ է՝ թեւեր եմ ստացել հենց ցուցահանդեսիս ժամանակ»,- ասում է նկարիչն ու հավելում՝ լավագույն մասնագիտությունը բարձր վարձատրվող հոբբին է:
Շակարթը կարծում է՝ հայաստանյան իրականությունում բարդ է թե՛ սկսնակ բժշկի, թե՛ սկսնակ արվեստագետի աշխատանքը: Նախնական փուլում երկու ոլորտներում էլ նվազագույն պահանջները բավարարելը դժվար է, բայց բժշկությունն անմահ գործ է. մարդիկ երբեք առողջ չեն ծնվելու, չեն ապրելու միշտ առողջ:
«Արվեստը հաճույքի էլեմենտներ է պարունակում. պատիդ կարող ես նկար չունենալ, բայց երբ մի տեղդ ցավի, բժիշկ պետք կգա: Քեզ միանշանակ ավելի «տաքուկ» կզգաս բժշկությունը շարունակելու դեպքում, արվեստն ավելի ռիսկային է»:
Շակարթը «երազանք» բառն առանձին չի գործածում, անպայման ավելացնում է նպատակը: Իր հաջորդ երազանք-նպատակը քանդակագործություն սովորելն ու դրանում հմտանալն է: Ասում է՝ եթե նկարչության դեպքում հնարավոր է ինքնուրույն սովորել, ապա քանդակագործությունն ավելի շատ ջանք է պահանջում:
«Մինչեւ մի նպատակին հասնելը պետք է ունենալ հաջորդ նպատակը, որ ներկայիդ արածը վերջինը չթվա: Ձգտումների հարցն էլ կա. ցանկանում եմ ինձ փորձել նաեւ Հայաստանից դուրս, քանի որ այստեղ դաշտը փոքր է, հետեւաբար մրցակցությունն էլ է թույլ: Դա լճանալու պատճառ է դառնում»,- ասում է նկարիչը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: