Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, Ինստագրամի իր էջում տարածելով Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառումը, դիմել է իր հետեւորդներին՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:
Բրիտանացի լեգենդար կիթառահարը նշել է, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ եւ Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի։
«Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե մի նոր ողբերգություն է ծավալվում, եւ վտանգ կա, որ ինչպես միշտ այս օրերին, մեդիան ճշմարտացի կերպով չի հաղորդի դրա մասին»,- շեշտել է երաժիշտը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, բռնապետական երկրներով շրջապատված քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզյակ է։
«Հայաստանն աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է՝ խոր ամբարված տխրությամբ, իր ողբերգական պատմության պատճառով․ Առաջին աշխարհամարտի տարիներին 1,2 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում. վայրագ էթնիկ զտման գործողություն, որը մինչ օրս հերքում է Թուրքիան»,- ընդգծել է Մեյը։
Երաժիշտը հավելել է, որ այս օրերին Հայաստանը կրկին սպառնալիքի տակ է՝ դավադրություն, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջելու այդ երկիրը։
«Երկու օր առաջ Ադրբեջանը հրետակոծեց Հայաստանի սահմանի խաղաղ գյուղերը: Հարձակում, որի նպատակն էր ահաբեկել հայ ժողովրդին ու ապակայունացնել իրավիճակը»,- նշել է Մեյը։
«Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ խնդրում եմ տարածեք սա՝ հակադրվելով կեղծ տեղեկություններին, որոնք ակտիվորեն տարածում են Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկրաինացիներին ներակայացնել ագրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը»,- ընդգծել է Մեյը։
Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը սեպտեմբերի սկզբին Երեւանում էր՝ «Սթարմուս» գիտության եւ արվեստի փառատոնին մասնակցելու նպատակով։