ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարություն է ընդունվել։ Ըստ այդմ՝ 2022-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, դրանց թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել են 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
«Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ»,– ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ Ադրբեջանի զինուժը թիրախավորել է 36 բնակավայրեր, դրանց թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
«Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի զինված ուժերի համառ եւ հերոսական դիմադրության եւ միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն»,– ընդգծել է ԱԽ–ն:
Հայաստանի Հանրապետությունը, որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման օրակարգ, անընդունելի է համարում Ադրբեջանի վարած սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականությունը:
Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ բռնազավթված տարածքներից:
Հայտարարությունում միջազգային հանրությանը կոչ է արվում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրելուՀՀ ինքնիշխան տարածքների բռնազավթմանը վերջ դնելու եւ զորքերը հետ քաշելու ուղղությամբ:
Փաշինյանը սեպտեմբերի 16-ին հայտարարել էր, որ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 135 զոհ։