Ռուսալեզու միջավայրում հեղինակություն վայելող «НЕЗЫГАРЬ» տելեգրամյան ալիքն անդրադարձել է արդեն ավելի քան 200 օր ընթացող ռուս-ուկրաինական ռազմական առճակատման հանդեպ ռուսական հանրության մեջ իշխող հանրային տրամադրություններին։
Ալիքն արձանագրել է, որ հանրային տրամադրությունների վրա քարոզչական հռետորաբանության ազդեցությունը սկսել է նվազել, իսկ սոցհարցումների մասնակիցները սկսել են իրականությունն առավել ակտիվորեն ընկալել խորհրդային ժամանակներից հաստատված հանրային գիտակցության օրինաչափություններով։
Ըստ տելեգրամյան ալիքի՝ ռուս-ուկրաինական ռազմական առճակատման առաջին ամիսներին հանրային տրամադրություններում հայրենասիրական համախմբման բարձր մակարդակ էր, ինչն իր հերթին հանրային պահանջարկ էր ձեւավորել քարոզչության եւ հայրենասիրական նախաձեռնությունների համար։ Սակայն ռազմական առճակատումից մոտ յոթ ամիս անց տրամադրությունները որոշակիորեն փոխվել են։
Պահանջարկը մեծ մասամբ արդեն կարծես թե բավարարված է։ Իհարկե, հանրությունը նախկինի նման հանդես է գալիս երկրի ղեկավարության շուրջ բարձր համախմբվածությամբ, սակայն շատ նվազ ընկալունակ է դարձել քարոզչական հռետորաբանության հանդեպ։
Մեծ հաշվով, ըստ սոցիոլոգների ուսումնասիրության, հանրության զգալի հատվածը, բայց ոչ ճնշող մեծամասնությունը, քարոզչությունը համարում է անիմաստ, քանի որ վերջինիս հիմնական թեզիսներն արդեն հայտնի են, իսկ տարբերակներն ու տոնայնության փոփոխությունները հասարակ քաղաքացիներին առանձնապես չեն հետաքրքրում։
Քաղաքացիների մեծ մասը, սակայն, շարունակում է մնալ քարոզչական պատումների ազդեցության տակ, եւ հանրությունը համարում է, որ նման պատմություններն անհրաժեշտ են հայրենասիրական տրամադրություններն ամրապնդելու համար։ Մյուս կողմից՝ վերջին ամիսների նկատվում է, որ թիրախային խմբերի շատ ներկայացուցիչներ իրենց հեռու են պահում այդ պատմություններից։
Բացի դրանից, ըստ սոցիոլոգների, հասարակ քաղաքացիները դժգոհում են, որ ռազմական առճակատման սկզբում հնչած կտրուկ արտահայտությունները, պարզվում է, այնքան էլ չեն համապատասխանել իրականությանը, ինչը հանգեցրել է տեղեկատվության փոխանցման այդ եղանակի վրա ուշադրությանն ու վստահության նվազմանը։
Թեեւ հատկապես թիրախային խմբերում դեռեւս բավական բարձր է առաջարկվող քարոզչական ուղենշային ու գաղափարական թեզերի ընկալունակությունը, սակայն հնարավոր է, խորհրդային ժամանակներից եկող պատմական երկվութենական փորձառությամբ, քաղաքացիները հանրայնորեն հայտնեն տեսակետներ, որոնց գուցե չեն հավատում, բայց որոնք ունեն հանրային հավանություն։
Հաշվի է առնվում նաեւ, որ սոցիոլոգները, որպես կանոն, հանրային գիտակցության մեջ ընկալվում են որպես «իշխանության հրեշտակներ» կամ «իշխանության գործակալներ», որոնք չափում են հանրային տրամադրությունները, որպեսզի իշխանություններին օգնեն առավել ճիշտ կառավարչական կամ քաղաքական որոշումներ ընդունելու։ Այս ամենով հանդերձ շարունակվում է ռուսական հասարակության ապաքաղաքականացման միտումը։
Ըստ էության՝ հասարակության մեջ բավական առանձնահատուկ իրավիճակ է։ Ռուսների մեծ մասն արդեն այսպես թե այնպես իր աջակցությունը որեւէ կերպ արտահայտել է գործող իշխանության եւ երկրի ղեկավարության ընտրած կուրսին, սակայն ռուսների մեծ մասն արդեն հակամարտության խորքային ընկալման ցանկություն չունի։
Քարոզչական պատմությունները դեռեւս ազդեցություն ունեն միայն բուռն հայրենասերների վրա, իսկ հանրության մնացյալ հատվածի համար դրանք նվազ արդիական են։ Հանրությունը, նկատի ունենալով ակնհայտ եւ պատմական նշանակալիությունը, շարունակում է հետեւել ռազմական առճակատմանը, սակայն մեծ մասամբ նախընտրում է ոչ թե քարոզչական պատմությունները, այլ տեղեկատվական նյութերն ու նորությունները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը