ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ Արեւմուտքի՝ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունն արդյունք է տալիս։ Մասնավորապես դրանք վճռական նշանակություն են ունեցել Ուկրաինայի զինուժի վերջին հակահարձակումների համար։
Բաուերն Էստոնիայում ասուլիսի ժամանակ ասել է, որ երկօրյա քննարկումներից հետո հնարավոր է ընդլայնվի դաշինքի անդամների օգնությունն Ուկրաինային։ «ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, քանի դեռ կլինի դրա անհրաժեշտությունը։ Ձմեռն իհարկե մոտենում է, սակայն աջակցությունը պետք է անփոփոխ մնա»,- վստահեցրել է ՆԱՏՕ-ի ՌԿ նախագահը։
Բաուերը շեշտել է, որ հակամարտության գոտում արձանագրած իր հաջողություններով ուկրաինական զինուժն հիմնավորապես փոխել է ռազմական գործի մասին մինչ այժմ եղած պատկերացումները։ Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականները սերտ համագործակցում են քաղաքացիական բնակչության հետ ու նաեւ չափազանց ստեղծագործաբար են կիրառում իրենց մատակարարված սպառազինությունը։
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն հավաքվում է երկու տարին մեկ անդամ պետությունների պաշտպանության նախարարների մակարդակով Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում եւ տարին մեկ կոնֆերանս է անցկացնում անդամ պետություններից որեւէ մեկում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը