Ըստ Ժողովրդավարական ազգային ինստիտուտի (NDI) հարցման՝ Վրաստանի բնակչության 75%-ը կողմ է, որ Վրաստանն անդամակցի Եվրամիությանը։ 2019-ի համեմատ կողմ արտահայտվողների թիվը նվազել է 10%-ով։
ԵՄ անդամակցությանը դեմ արտահայտվել է հարցվածների 14%-ը, այն դեպքում, երբ անցյալ տարի ԵՄ-ին անդամակցությանը դեմ են արտահայտվել 8-11%-ը։
Հարցվածների 47%-ը կարծում է, որ Վրաստանը պետք է արեւմտամետ քաղաքականություն վարի, իսկ 31%-ը կարծում է, որ Վրաստանը պետք է թեեւ արեւմտամետ քաղաքականություն վարի, բայց եւ լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։
Հարցվածների միայն 9%-ն է կարծում, որ Մոսկվայի հետ Վրաստանը պետք է ավելի սերտ հարաբերություններ ունենա։
Բացի դրանից՝ հարցվածների 25%-ը կարծում է, որ վրացական կառավարությունը չունի բավարար քաղաքական կամք, այլապես երկիրն արդեն անդամակցած կլիներ ԵՄ-ին։ 19%-ը կարծում է, որ երկրի՝ ԵՄ անդամակցությանը խանգարում են տարածքային կոնֆլիկտները, 17%-ի կարծիքով խանգարողը Ռուսաստանն է, 15%-ը համարում է, որ անդամակցումը չի լինում Բրյուսելի կեցվածքի պատճառով, 14%-ը պնդում է, որ իրենց երկիրը ԵՄ-ին չի անդամակցում ներքաղաքական անկայունության պատճառով։
Հարցվածների 13%-ի համար Վրաստանում բացակայում է դեմոկրատիան, դրա համար էլ երկիրը ԵՄ-ին չի անդամակցում, իսկ 10%-ի համար չզարգացած տնտեսությունն է պատճառը։
Հանրային տրամադրությունների վրա բացասաբար է ազդել այս տարվա հունիսին Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չտալը։ Հարցվածների 62%-ն ասել է, որ տեղյակ է դրան։ 56%-ը հայտարարել է, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու չի դարձել վրացական կառավարության մեղքով։
Հարցվածների միայն 32%-ն է հավատում, որ ներկա իշխանությունները կկատարեն ԵՄ առաջադրած բոլոր պայմանները, որպեսզի ստանան անդամության թեկնածուի կարգավիճակ։
Ուշագրավ է, որ հարցվածների 71%-ը՝ բացարձակ մեծամասնությունը, այն կարծիքին է, որ ԵՄ-ի կողմից Վրաստանին առաջադրված նախապայմանները պետք է կատարվեն։
Ըստ NDI-ի Վրաստանի ռեգիոնալ տնօրեն Ալան Գիլամի՝ հարցումը հստակորեն արձանագրեց, որ, չնայած այս տարվա հունիսի ձախողմանը, վրացիները նախկինի նման աջակցում են Վրաստանի եվրոպական ինտեգրացիային։
Պատրաստեց Արման Գրիգորյանը