Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպման թեմաներն են եղել Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությունը, առեւտրատնտեսական հարաբերությունները եւ անվտանգության միջավայրն աշխարհում ու Կովկասյան տարածաշրջանում։
Ընդգծվել է խաղաղության եւ կայունության կարեւորությունը տարածաշրջանի հետագա զարգացումն ու երկարաժամկետ բարգավաճումն ապահովելու համար։ Այս համատեքստում նշվել է Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարեւոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։
Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է ներգրավվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական գործընթացում։
Արտգործնախարարը նշել է, որ Թբիլիսին նախապայմաններ չի դնում, հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Վրաստանի վարչապետի ակտիվ ներգրավվածությամբ, նրա անձնական մասնակցությամբ երկու հարեւանների միջեւ կարեւոր պայմանավորվածություն ձեռք բերվեց։
«Անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Վրաստանի վարչապետը բացեիբաց խոսեց մեր երկրի խաղաղ հարեւանության քաղաքականության մասին, իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանը հյուրընկալեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին այս հայտարարված քաղաքականության շրջանակում»,- ասել է Դարչիաշվիլին։
Ըստ նրա՝ ընդհանուր քաղաքականության շրջանակում Վրաստանը շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության ամրապնդման գործում իր նշանակալի ներդրումն ունենալու համար։
Նախարարն ընդգծել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է եղել հարավային հարեւաններին առաջարկելու մի երկիր, որտեղ նրանք կարող են երկխոսություն սկսել խաղաղության ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարի Թբիլիսիում։