Իրանական Press.TV-ն հայտնել է, որ ըստ երկու ամիս առաջ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ պայմանավորվածության՝ Իրանը, Ադրբեջանի խողովակաշարերն օգտագործելով, օրական 15 միլիոն խորանարդ մետր գազ կներկրի Ռուսաստանից։ Իրանական Fars գործակալությունն էլ մանրամասնում է, որ Իրանը օրական 9 միլիոն խորանարդ մետր գազ գնելու է Ռուսաստանից, եւս 6 միլիոն խոնարարդ մետր գազ էլ ստանալու է սվոպ-գործարքի շրջանակում։
Գազը մատակարարվելու է Իրանի հարավի բնակիչներին՝ իրենց կարիքները հոգալու համար։ Ըստ Իրանի նավթի նախարարության ներկայացրած զեկույցի՝ պայմանավորվածությունն առնչվում է իրանական պետական նավթային NIOC ընկերության եւ ռուսական Газпром ընկերության միջեւ կնքված 40 միլիարդ դոլարի հասնող գործարքին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը հավանաբար Թուրքմենստանից ռուսական գազ կստանա դրանք սվոպ-գործարքների շրջանակում Թուրքիային եւ Իրաքին մատակարարելու պայմանով։
Սակայն այս հրապարակումներից պարզ է դառնում, որ Իրանը Ռուսաստանից ներկրված գազն օգտագործելու է սեփական կարիքների համար։ Թեհրանը գազի փոխանակման համաձայնագրեր ունի Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ: Ըստ այդ համաձայնագրերի՝ Իրանն օգտագործում է Թուրքմենստանից ստացված գազն իր հյուսիսարեւելյան շրջաններում, եւ նույն քանակով էլ ինքն է գազ մատակարարում Ադրբեջանին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը