Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կրեմլում հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին, հայտարարել է, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
ՌԴ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել նաեւ ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
«Դիմակայության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է գործերի վիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել Հավաքական անվտանգության խորհրդին»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի բարեկամ պետությունների միջեւ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում։
«Բոլորին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերելու, անշեղորեն պահպանելու հրադադարի ռեժիմը եւ հաստատակամորեն հետեւելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է` լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ սահմանագծման երկկողմ հանձնաժողովի շրջանակում մասնագիտական, համատեղ աշխատանքն է:
ՌԴ նախագահը շնորհավորել է նաեւ հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա առթիվ եւ նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ եւ ռազմավարական դաշնակիցներ են:
«Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվելու է վաղը»,- ասել է նա։