Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Այցի շրջանակում Փելոսին մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել․ մասնավորապես հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին համատեղ ասուլիս են ունեցել: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի խոսքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրանկ Փալոնեի, Աննա Էշուի եւ Ջեքի Սփիերի հայաստանյան այցի վերաբերյալ։
«Հպարտ էի Հայաստանում ընդունելու Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիին, կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Փալոնին եւ կոնգրեսականներ Էշուին եւ Սփիերին։ Նրանց այցն ընդգծեց մեր երկու պետությունների սերտ փոխգործակցությունը, որը խարսխված է ժողովրդավարական ընդհանուր արժեքների եւ մեր ժողովուրդների ամուր կապերի վրա։ Շնորհակալություն խոսնակ Փելոսիին այցի համար եւ դեսպանության թիմին ու մեր հայաստանյան գործընկերներին՝ այցի հաջողությունը ապահովելու համար»,- նշել է դեսպան Թրեյսին։
Փելոսիի առանցքային շեշտադրումները Երեւանում
Միացյալ Նահանգների կառավարության հիերարխիայում երրորդ կարեւորագույն պաշտոնը զբաղեցնող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի երեւանյան այցի գլխավոր շեշտադրումներն առնչվում են Հայաստանի անվտանգային համակարգին, տնտեսությանն ու ժողովրդավարությանը:
Նենսի Փելոսին Երեւանում հայտարարել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար կարեւոր նշանակություն ունի, եւ Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում են Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումները, մահացու հարվածները: Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրի դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Վաշինգտոնի համար Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանը կարմիր գիծ է, եւ Ադրբեջանի ոտնձգություններն անընդունելի են:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերին Հայաստանում հայտարարել է, որ շուտով օրենսդրի քննարկմանը կներկայացնեն ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւ: «Հուսով եմ, որ այդ բանաձեւով մենք առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ մեր պատասխանատվությանը, ապա կշարունակենք աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ ԱՄՆ-ը դեմ կարտահայտվի Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը»,- նշել է քաղաքական գործիչը։
Ռազմական հնարավոր աջակցության մասին հարցին ի պատասխան Նենսի Փելոսին նշել է, թե Հայաստան են եկել, որ լսեն՝ ինչ է ակնկալում Երեւանն իրենցից: Խոսնակը հայտնել է, որ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրին Հայաստանի միանալու հնարավորությունը: 2004-ից ցածր եկամտով երկրներին ֆինանսական աջակցություն ցուցաբերող ծրագրին Հայաստանը միացել է 2006-ին, բայց 2008-ի մարտի մեկի դեպքերից հետո ԱՄՆ-ը ընդհատեց աջակցությունը։
ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին. Նենսի Փելոսի
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ Նենսի Փելոսին հայտարարել է, թե Հայաստանում է՝ ասելու, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը եւ դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին է:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ պետք է ժամանեին Հայաստան, սակայն այնպես ստացվեց, որ Հայաստան եկան այն պահին, երբ կարող են անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի եւ սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը:
«Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ եւ Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին։ ԱՄՆ-ը վաղուց է հայտարարել՝ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ»,- նշեց Փելոսին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հետեւում է այս խնդրին, նախագահ Բայդենի եւ Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է։
Ռուսական արձագանքը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երեւան, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորմանը նպաստելու ցանկացած գործնական քայլ։
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով եւ ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրական, անաղմուկ եւ գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը: Այս ամենը կարելի է ողջունել, իսկ թե իրականում կարող են նման աղմկահարույց գործողություններն ու հայտարարությունները նպաստել կարգավորմանը, ժամանակը ցույց կտա»,- ասել է Պեսկովը։
Թուրքական եւ ադրբեջանական արձագանքը
Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունները «կողմնակալ են եւ սաբոտաժի են ենթարկում դիվանագիտական ջանքերը»։
Ֆուադ Օքթայը թվիթերյան գրառման մեջ նշել է, թե Սպիտակ տունը պետք է պարզաբանի՝ արդյոք Փելոսիի եւ հայկական լոբբիի աջակցությունը վայելող մի քանի քաղաքական գործիչների հայտարարություններն արտացոլում են պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը:
«Կոչ եմ անում միջազգային բոլոր դերակատարներին պատասխանատու գործելու այն ժամանակ, երբ տարածաշրջանում մնայուն խաղաղության եւ կայունության կարիք կա»,- գրել է Օքթայը:
Ադրբեջանը «ոչ կառուցողական» է որակել Կոնգրեսի խոսնակի հայտարարությունը, թե Ադրբեջանը մահացու հարձակում է իրականացրել Հայաստանի դեմ:
Հայկական արձագանքը
Հայկական արձագանքում երեք հիմնական միտում կա. երկու ծայրահեղություններից՝ ռուսամետ եւ ամերիկամետ տեսակետներից բացի, կա նաեւ իրատեսական, պրագմատիկ տեսակետ: Այդ տեսակետը կրողները ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական ռազմաքաղաքական աջակցությունից հրաժարվելու մասին հայտարարությունները ՀՀ-ի համար վտանգավոր արկածախնդրություն են համարում՝ խորհուրդ տալով զերծ մնալ Նենսի Փելոսիի այցը հակառուսական հուն տեղափոխելու գայթակղությունից:
Ռեալպոլիտիկի կողմնակիցները թեեւ չեն գերագնահատում ՀՀ-ի անվտանգային համակարգն ամրապնդելու ուղղությամբ ամերիկյան կողմի հնարավորություններն ու իրական ցանկությունները, միաժամանակ բարձր են գնահատում ամերիկյան կողմի քաղաքական միջամտության իրական հնարավորությունները: Ըստ այդմ՝ Միացյալ Նահանգներն այսօր փաստացի միակ պետությունն է, որ թեեւ չի կարող զենք տրամադրել Հայաստանին, քանի վերջինս մաս է կազմում Ռուսաստանի ղեկավարած ՀԱՊԿ-ին, փոխարենն ի վիճակի է դիվանագիտական եղանակներով եւ միայն Վաշինգտոնին հայտնի լծակներով կանխելու ՀՀ-ի դեմ Ադրբեջանի նոր հարձակումն ու նոր ներխուժումները: Եվ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով վերջին եռակողմ հանդիպումը պետք է դիտարկել հենց այս համատեքստում: