Ռուսաստանն արդեն բացահայտ սպառնում է Հայաստանին երկրում «թշնամական հակառուսական հռետորաբանության» համար։ Եվ այդ սպառնալիքը հնչեցնում է ազգությամբ հայ գործչի` ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի միլիարդատեր նախագահ Սամվել Կարապետյանի միջոցով։ Վերջինս երեկ հայտարարություն էր տարածել, թե «կարեւոր է գնահատել կրիտիկական ռիսկերը եւ կանխել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հետագա թշնամական հռետորաբանությունը»:
Որպես կրիտիկական ռիսկ՝ Կարապետյանը հիշեցրել էր, թե Ռուսաստանում ապրում են մի քանի միլիոն հայեր, որոնք սերտ կապ ունեն պատմական հայրենիքի հետ։ «Պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են երկու դաշնակից պետությունների միջեւ պառակտում մտցնելու միակ նպատակով։ Հայաստանին այսօր խաղաղություն է պետք։ Ուստի ես չափազանց կարեւոր եմ համարում դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը եւ համախմբել Ռուսաստանում հայկական համայնքի ուժերը Հայաստանի շուրջ»,- նշել է նա հայտարարության մեջ։
Այն, որ Ռուսաստանում մի քանի միլիոն հայ է ապրում, որոնց մի մասն այդ երկրի քաղաքացի է, մի մասն էլ՝ պարզապես աշխատանքային միգրանտ, գաղտնիք չէ, եւ այդ փաստը ՌԴ իշխանությունները պարբերաբար օգտագործել են մեր երկրի դեմ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անգամ տարիներ առաջ Մոսկվայում մեր բազմաթիվ հայրենակիցների ներկայությամբ հեգնել էր ռուսաստանցի մեկ այլ հայ գործարար Արա Աբրահամյանին, թե իր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, եւ հարց է, թե ով է հայերի նախագահը։
Ընդամենը օրեր առաջ էլ Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական ֆորումի նիստի ժամանակ Պուտինը նման ակնարկ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կանխելով նրա պատասխանը նիստը վարողի այն հարցին, թե Հայաստանը բախվել է Ռուսաստանից աշխատանքային միգրանտների հոսքին, ինչպե՞ս են նրանք ինտեգրվում հասարակությանը, ի՞նչ դեր են խաղում երկրի տնտեսության մեջ։ «Կներե՛ս, Նիկոլ, մինչ Նիկոլը կսկսի պատասխանել, ուզում եմ ասել, որ ավելի շատ հայեր Ռուսաստան են եկել։ Ավելի քան երկու միլիոն մարդ»,- ասել էր Պուտինը։
Եվ ՌԴ իշխանությունները հատկապես Պուտինի օրոք հայերի ներկայությունը պարբերաբար օգտագործել են Հայաստանի դեմ. հայ միգրանտների գործունեությունը սահմանափակող որոշումներ են ընդունել, արտաքսել են նրանց, լավագույն դեպքում ակնարկել կամ սպառնացել են, թե նման քայլերի կգնան։
ՌԴ-ն միակ երկիրը չէ, որտեղ մեծ թվով հայեր են ապրում, հայերի մեծ համայնք կա նաեւ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, բայց այդ երկրները երբեւէ նրանց չեն օգտագործել մեր երկրի դեմ քաղաքական սպառնալիքներ հնչեցնելու, որպես ճնշման միջոց օգտագործելու համար։ Հակառակը՝ ընտրություններին փորձել են սիրաշահել եւ ստանալ նրանց քվեն։ Հիմա ՌԴ-ն իր այդ սպառնալիքը հնչեցնում է իր երկրում միլիարդատեր դարձած Սամվել Կարապետյանի միջոցով։ Արա Աբրահամյանն ու մյուսները դեռ պետք է ասեն իրենց հեղինակավոր խոսքը։
Իսկ հայ գործարարները ՌԴ իշխանությունների ձեռքին գործիք են, քանի որ հնարավորություն են ունեցել այնտեղ հարստանալու, օգտվելու պետական գնումներից ու այլ միջոցներից, երբեմն՝ անօրինական ճանապարհով։ ՌԴ-ն դա թույլ է տվել՝ պատեհ պահի նրանց օգտագործելու համար։ Միգուցե հոգու խորքում Կարապետյանն ու մյուսները հասկանում են, որ մեղք են գործում իրենց հայրենիքի հանդեպ, բայց իրենց կապիտալն ու բարեկեցիկ կյանքը չկորցնելու կամ դրանք ունենալու երախտագիտության մղումով այդ երկրի իշխանությունների ցուցումով նման հայտարարություններ են անում։
Այդպիսով ՌԴ-ն Սամվել Կարապետյանի միջոցով Հայաստանին սպառնում է մի քանի միլիոն միգրանտների եւ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների համար խնդիրներ ստեղծել, եթե մեր երկրում շարունակվի «թշնամական հակառուսական հռետորաբանությունը»։
Իսկ մեր ռազմավարական գործընկերության պատժիչ զինանոցում դրա համար բազմաթիվ գործիքներ կան՝ որոշում ընդունել, թե հայ միգրանտները ՌԴ-ում խախտում են սահմանված կանոններն, եւ արտաքսել նրանց, օրենքի շրջանակում խնդիրներ ստեղծել հայ գործարարների համար՝ տուգանք, բիզնեսի փակում, իրավապահ մարմինների կողմից պատասխանատվություն, բանտարկություններ, սափրագլուխների ու ազգայնականների կողմից հարձակումներ եւ այլն։ Ուկրաինայի դեմ պատերազմող եւ ծանր վիճակում հայտնված ՌԴ իշխանությունները կարող են գնալ այդ քայլերին։
Իսկ սամվելկարապետյաններն ու արաաբրահամյաններն ընդամենը գործիք են Ռուսաստանի ձեռքին Հայաստանում օգտագործվելու, քաղաքական խնդիրներ առաջացնելու կամ լուծելու համար։ Ավելին՝ Ռուսաստանը նրանց «ստեղծում» եւ պահում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Նրանք մեր երկրում ունեն ընկերություններ, աշխատողներ, որոնց կարող են փողոց հանել։
Տարիներ շարունակ ընտրություններին նրանք գործուղվել են Հայաստան ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերի օգտին աշխատելու։ Քվե ձեռք բերելու համար ուղղակի եւ անուղղակի ընտրակաշառք են բաժանել։ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության պատգամավոր եւ համակարգել է նախկին իշխանությունների համար ծննդավայրի՝ Տաշիրի շրջանի քվեների մոբիլիզացիան։ Նրա քույրերի ամուսինները տարբեր օղակներում պաշտոններ են ունեցել եւ իրենց լուման ներդրել այդ գործում։ Արա Աբրահամյանի երեք եղբայրները երեք տարբեր կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի շարքերում պատգամավոր են եղել ու երբեմնի կոալիցիոն այդ գործընկերների համար ձայներ հայթայթել։ Այդ ուժերն էլ ամեն ինչ արել են, որ Հայաստանը հնարավորինս խոր մխրճվի Ռուսաստանի ազդեցության գոտի։
Իսկ հիմա սպառնում են, թե ՌԴ-ում ապրում են մի քանի միլիոն հայեր, իսկ դա Հայաստանի համար «կրիտիկական ռիսկ» է։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։