Euronews-ը հայտնել է, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող ուկրաինական հարավային եւ արեւելյան երկրամասերում, մասնավորապես՝ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում, ինչպես նաեւ այպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետություններում սեպտեմբերի 23-27-ը հանրաքվեներ են անցկացվելու։
Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ իրենք ընտրել են Ռուսաստանի հետ վերամիավորվելու ընթացքը եւ այդ ընթացքից հետ չեն կանգնելու։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն էլ ասել է, որ երկրամասի բնակիչները վաստակել են իրավունքը լինելու մի մասնիկն այն մեծ երկրի, որը համարում են իրենց հայրենիքը։ Իսկ ռուսամետ ակտիվիստ Վլադիմիր Ռոգովն էլ Զապորոժիեից հայտարարել է․ «Որքան արագ դառնանք Ռուսաստանի մի մասը, այնքան արագ խաղաղություն կհաստատվի»։
Հանրաքվեները սահմանների վերագծումն անշրջելի կդարձնեն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ համապատասխան տարածքների բնակիչներն իրենք պետք է ընտրեն իրենց ճակատագիրը։ «Ներկայիս իրավիճակն ամբողջապես հաստատում է այն, որ նրանք ցանկանում են լինել իրենց ճակատագրի տերերը»,- շեշտել է Լավրովը։
Ինքնին հասկանալի է, որ այս հանրաքվեները տեղի են ունենալու Ռուսաստանի հետ համաձայնեցմամբ։ Արդեն իսկ մտավախություններ կան, որ այս հանրաքվեների արդյունքում պատերազմը Ուկրաինայում կարող է սրվել: Մանավանդ երբ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւն այս առնչությամբ ասել է, որ Ռուսաստանին միանալու՝ այս տարածաշրջանների անցկացնելիք հանրաքվեները սահմանների վերագծումը կդարձնեն անշրջելի եւ թույլ կտան Մոսկվային այդ սահմանների պաշտպանության համար օգտագործել ցանկացած միջոց։
Ուկրաինան իրեն լիակատար իրավունք է վերապահելու ազատագրել իր տարածքները
Ուկրաինայում այս քայլերը համարում են Մոսկվայի ձեռնարկած հուսահատ գործողություններ՝ հաշվի առնելով, որ ուկրաինական կողմը հաջողությամբ իրականացնում է հակագրոհներ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Կրեմլը շարունակում է հորինել Z-լսարանի համար հանգստացնող տեսարաններ։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ ասել է, որ այդ հանրաքվեները կեղծիք են լինելու՝ շեշտելով, որ Ուկրաինան իրեն լիակատար իրավունք է վերապահելու ազատագրել իր տարածքները, ինչ էլ որ Ռուսաստանն ասի։ Արդեն ակնհայտ է, որ Արեւմուտքը սպասվող հանրաքվեների արդյունքն օրինական չի համարելու։
Պատրաստեց Արման Գրիգորյանը