Արցախի ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից հայտնել են, որ սեպտեմբերի 21-ին ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովի հետ։
Կարեւորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝ կողմերը քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա եւ հետագա հնարավոր զարգացումները։
Կողմերն անդրադարձել են նաեւ Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղուն առնչվող որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ ռուս խաղաղապահների հսկողության տակ է, եւ ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։
Հանդիպմանն ընդգծվել է տարբեր ձեւաչափերով հաճախակի շփումների անհրաժեշտությունը, որի արդյունքում լուծումներ կտրվեն հասարակությանը հուզող մտահոգություններին։