Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Միացյալ Նահանգների, դեսպանության ու իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությանը, եւ մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ես բարձր եմ գնահատում հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը եւ նրա հանձնառությունը՝ կառուցելու ավելի լավ ապագա»,- ասված է ԱՄՆ դեսպանի ուղերձում:
Լին Թրեյսին նաեւ անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակմանը` շնորհավորանքին զուգահեռ ցավակցելով հայ ժողովրդին վերջին ցավալի կորուստների համար։
«Այս շատ դժվար պահին ես ցավակցությունս եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումներից զոհվածների հարազատներին»,– ասված է ԱՄՆ դեսպանի ուղերձում։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով չեղարկվել են։