Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ընթացիկ տարվա ապրիլին Ուկրաինան արտահանել է 1,3 միլիոն տոննա հացահատիկ սերմեր եւ այլ գյուղատնտեսական նշանակության արտադրանք, իսկ օգոստոսին այդ ցուցանիշը գերազանցել է 4,2 միլիոն տոննան։
Այս ընթացքում միջազգային հանրությունը Կիեւի հետ համագործակցելով փորձել է երկու հիմնական ճանապարհով արտահանել գյուղմթերքը՝ «Եվրամիության համերաշխության ուղիով» եւ Սեւծովյան միջանցքով։ Այս ուղիներով Ուկրաինայից ընդհանուր առմամբ արտահանվել է 14 միլիոն տոննա գյուղմթերք։
«Եվրամիության համերաշխության ուղին» սկսել է գործել մայիսից, իսկ Սեւծովյան միջանցքի մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել հուլիսին։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ օգոստոսին արտահանված գյուղապրանքների 61%-ը կամ 2,6 միլիոն տոննան բաժին է ընկնում «Եվրամիության համերաշխության ուղուն», իսկ 39%-ը կամ 1,6 միլիոն տոննան՝ Սեւծովյան միջանցքին։
Ընդհանուր առմամբ, Սեւծովյան միջանցքով այս ընթացքում արտահանվել է 3 միլիոն տոննա գյուղմթերք։ Միջանցքի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերին, մինչդեռ «Եվրամիության համերաշխության ուղին» շարունակելու է գործել, եւ այն հաշվարկված է միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ հեռանկարի համար։
Հիմնականում այս տարբերակով գյուղմթերքը Ուկրաինայից դուրս է բերվում դեպի Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա եւ Ռումինիա, ինչպես նաեւ մոլդովա-ռումինական սահմանով դեպի Եվրոպա։
Ներկայում մշակվում են եւս 15 տրանսոպրտային ուղիներ, որոնցով ուկրաինական գյուղմթերքը, ներառյալ հացահատիկն ու սերմերը, հնարավոր կլինի արտահանել Եվրոպա՝ Բալթիականի, Միջերկրականի, Հյուսիսային ծովի, Ադրիատիկի նավահանգիստներ։
Եվրամիությունն իր հերթին խոստանում է ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, ուկրաինական կողմն էլ հանձն է առել կատարելագործել բեռնափոխադրումների կազմակերպվածությունը:
Սակայն մասնագետները արձանագրում են, որ Ուկրաինայում երկաթգծերի լայնույթն (ամպլիտուդան) ավելին է, քան Եվրոպայում, ինչը լուրջ խնդիր է։ Ներկայում Բրյուսելը քննարկումներ է ծավալում եւ ուսումնասիրություններ անում՝ նպատակ ունենալով մշակել այս տարբերությունը կարգավորող համակարգն ու այս ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ կատարել։
Պատրաստեց Արման Գրիգորյանը