Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Անկախության օրվա առթիվ շնորհավորելով հայ ժողովրդին՝ ԱՄՆ նախագահն ուղերձում մասնավորապես նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին եւ կշարունակի աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը։
Ցավակցելով վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ՝ Բայդենը նշել է, որ վերջին ռազմական գործողություններն ընդգծում են ԱՄՆ դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ եւ խաղաղ ապագա, ինչը ներառում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը։ ԱՄՆ նախագահ Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում տարածաշրջանում առավել կայունություն հաստատելու Հայաստանի ջանքերը:
«Մենք հավատարիմ ենք մնում Ձեր եւ այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Մեր համատեղ աշխատանքն անցած տարվա ընթացքում շարունակել է ամրապնդել եւ խորացնել մեր ժողովուրդների միջեւ կապերը: Ամբողջ հայ ժողովրդին մաղթում եմ անվտանգ եւ խաղաղ Անկախության տոն»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։