Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Իրանի զինված ուժերի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն չի հանդուրժի: Իրանի ԶՈՒ ԳՇ պետը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել վեճերը լուծելու խաղաղ ճանապարհով եւ բանակցության միջոցով։
Բաղերին հայտարարել է նաեւ, որ Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են այս աշնանը ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ անցկացնել Հնդկական օվկիանոսի ջրատարածքի հյուսիսային մասում։
Երեք երկրների զինված ուժերը վերջին անգամ համատեղ զինավարժանքների են մասնակցել սեպտեմբերի 1-7-ը ՌԴ-ի անցկացրած «Արեւելք-2022» -ի շրջանակում։ Դրանց մասնակցել են նաեւ Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ալժիրի եւ այլ պետություններից զինծառայողներ:
Իրանի զինված ուժերն այսօր ներկայացրել են «Հայբար Շեքիան» անվամբ պինդ վառելիքային շարժիչով միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռները։
Համալիրի հրթիռների թռիչքի հեռահարությունը 1450 կմ է: Հրթիռներն ունակ են ինքնուրույն թիրախ ընտրելու եւ նպատակակետին մոտենալու ընթացքում փոխելու մարտագլխիկի հետագծի ուղղությունը։
Իրանի օդատիեզերական ուժերն ավելի վաղ ներկայացրել էին միջին հեռահարության եւս մեկ բալիստիկ հրթիռ՝ «Ռեզվանը»: