ՀՀ ՄԻ պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին եւ դեսպանատան ներկայացուցիչներին:
Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու ՄԻՊ-ի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար։
Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում եւ զեկույցի փակ հատվածում տեղ գտած փաստերը՝ ադրբեջանական հարձակման հետեւանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասներ, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքներ։
Գրիգորյանը խոսել է հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների հանցագործությունների մասին:
Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ կարեւոր է ունենալ փաստարկված տվյալներ։ Նա շնորհակալություն է հայտնել ՄԻՊ-ին փաստերի հավաքման եւ ավելի վաղ ուղարկված զեկույցների համար։ «Կարեւոր է ունենալ փաստարկված տվյալներ, որ կարողանաք ասել՝ այո՛, սա փաստ է, սա ճշտված է»,– ասել է նա:
Քրիստինե Գրիգորյանն էլ իր հերթին հայտնել է, որ ՄԻՊ-ի թիմերը սեպտեմբերի 17-ին այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած բնակավայրեր Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում, որտեղ հանդիպել եւ զրուցել է ադրբեջանական հարձակումից տուժած անձանց հետ: Գրիգորյանը կարեւորել է միջազգային գործընկերների հետ աշխատանքները: