Ավստրալիայի Թասմանիա կղզում ափ նետվելու հետեւանքով մոտ 200 կետ է սատկել։ Կետերն ափ են նետվել Մաքուորի նավահանգստի մոտ։
Լողափին հայտնաբերել են 230 կետի: Ափ նետված կետերից միայն 35-ն են ողջ եղել։ Կենդանիների պաշտպաններն ու մասնագետներն ամեն ինչ անում են նրանց կյանքը փրկելու համար։
Այստեղ նման դեպք էր տեղի ունեցել նաեւ մոտ երկու տարի առաջ։ Ափ էին նետվել մոտ 500 դելֆիններ։ Հակառակ կամավորների գործադրած ջանքերի՝ նրանցից ավելի քան 300-ը սատկել էին։
Նախորդ տարվա փետրվարին էլ Սեւ ծովի ափին թռչունների եւ դելֆինների զանգվածային անկում էր գրանցվել։ Անապայի ափից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ինչպես նաեւ սեւծովյան այլ քաղաքների, մասնավորապես Գելենջիկի եւ Ղրիմի ափերին հայտնաբերվել էին նաեւ կենդանիներ, որոնցից մի քանիսը հազիվ էին շարժվում։
Մասնագետներն այդպես էլ չէին կարողացել բացատրել կենդանիների ու թռչունների զանգվածային անկման պատճառը։ Ենթադրություններ կային, որ անոմալ ցրտերի պատճառով ձկները ծովի հատակն էին իջել, եւ թռչունները սատկել են սովից:
2018-ի նոյեմբերին էլ ավելի քան 145 դելֆին ափ էին նետվել Նոր Զելանդիայի Ստյուարտ կղզում։ Radio New Zealand ռադիոկայանի տվյալներով` նոյեմբերի 23–ին երկու խումբ դելֆիններն ափ էին նետվել Մեյսոն ծոցի հարավային մասում։ Ըստ մասնագետների, որպես կանոն, եթե մի դելֆինն ափ է նետվում, մյուսները փորձում են օգնել նրան եւ արժանանում նույն ճակատագրին։
Գիտնականները մինչեւ հիմա չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե ինչն է կետերի եւ դելֆինների ինքնասպանության պատճառը։