Այդ երբվանի՞ց է Հայաստանում խաղաղ, առանց զենքի բողոքի ակցիան վերածվել սպառնալիքի, որ ոստիկանության մի քանի հարյուր աշխատակիցներ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում իրենց զավակներին կորցրած ծնողներին։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ բերման է ենթարկվել 37 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» հոդվածի հատկանիշներով։
Քանի որ Նիկոլ Փաշինյանին անսահման նվիրված «քաջարի» ոստիկանությունը մարդկանց բերման ենթարկելիս 100-ից 99-ի դեպքում այս հոդվածին է հղում կատարում, տեսնենք, թե ինչ է ասում այն.
Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Առանց ավելորդ զգացմունքայնության, հանգիստ վերլուծենք այս հոդվածի դրույթները 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից բերման ենթարկվածների գործողությունների հիման վրա։
Հոդվածում նշված առաջին նպատակը հասարակական կարգի պահպանությունն է։ Զոհվածների հարազատները խաղաղ, հանգիստ նստած ու կանգնած էին եւ հասարակական որեւէ կարգ չէին խանգարում։ Համենայն դեպս որեւէ տեսանյութի մեջ նման բան չի երեւում։ Այսինքն՝ «հասարակական կարգը մի՛ խանգարեք» կամ «հասարակական կարգ եք խանգարում, հեռացե՛ք» եւ նման այլ պահանջները, որ կարող էր ներկայացնել ոստիկանությունը, ապօրինի են։ Միայն բերման ենթարկելիս է, որ մարդիկ դիմադրում էին, իսկ դա էլ նորմալ ռեակցիա է, երբ քեզ ապօրինի բերման են ենթարկում՝ չորս հոգով քարշ տալով ու ցավ պատճառելով։
Հաջորդը հասարակական անվտանգությունն ապահովելն է։ Անզեն, խաղաղ ծնողները էդ ո՞ր հասարակության անվտանգությանն էին սպառնում, եթե այդտեղ ուրիշ հասարակություն, բացի իրենցից ու լրագրողներից, չկար։ Եզրակացություն. ոստիկանությունը չէր կարող անվտանգության սպառնալիքի հիմքով մարդկանցից պահանջել հեռանալ։ Ի դեպ, ոստիկանությունը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը նույնպես խոչընդոտել է, երբ Եռաբլուրում հայտնվել է Փաշինյանը յուր շքախմբով։
Մնաց օբյեկտների պահպանությունը։ Իսկ ի՞նչ է, հավաքված մարդիկ եկել էին ավերելու իրենց որդիների գերեզմաննե՞րը։ Էդ ումի՞ց էին պահպանում Եռաբլուրը ոստիկանական ուժերը, այն մարդկանցի՞ց, որոնց զավակներն այդտեղ են թաղված։
Այս մի պահանջն էլ թռավ։ Ստացվե՞ց, որ ոստիկանությունը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում հավաքված մարդկանց ոչ մի օրինական պահանջ չէր կարող ներկայացնել, հետո էլ բերման ենթարկել այդ պահանջը չկատարելու համար։
Քանի որ, ըստ ոստիկանության հաղորդագրության, մարդկանց արագ բաց են թողել, ենթադրում եմ, որ անգամ բերման արձանագրություն չեն կազմել, ոչ էլ տուգանք են նշանակել։ Այսինքն՝ բերման ենթարկելն արդեն իսկ դառնում է օրինազանցություն։ Բաց են թողել, հենց հայտնի է դարձել, որ Փաշինյանն ու յուր արբանյակները լքել են Եռաբլուրը։ Ուստի ոստիկանությունը մարդկանց բերման է ենթարկել միայն Փաշինյանի եւ նրա դամքաշների անդորրը ապահովելու համար։
Իհարկե, կարելի է վերլուծել նաեւ Փաշինյանի համառությունը՝ գնալ այնտեղ, որտեղ իրեն չեն սպասում, անգամ շեմքից չեն ուզում ներս թողնել։ Բայց դա այլ թեմա է։ Դա մարդու բարոյական ընտրության թեմա է եւ այլ հոդվածի նյութ։
Հիմա պարզապես հիշենք, որ սեպտեմբերի 16-ին էլ ՌԴ դեսպանատան առջեւից բերման ենթարկեցին մի քանի խաղաղ ցուցարարների, իբր բախման մասին օպերատիվ տեղեկությունների եւ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքերով։
Այնքան հեշտ է ասել՝ օպերատիվ տեղեկություններ ունենք, դադարեցրե՛ք։ Մանավանդ որ ոչ մեկը չի կարող հետո պահանջել՝ ցույց տալ այդ օպերատիվ տեղեկությունները, որովհետեւ դրանք ծառայողական գաղտնիք են։
Այսինքն՝ սրանց տրամաբանությամբ, ցանկացած ոստիկան կարող է մոտենալ փողոցում քայլող ցանկացած քաղաքացու, ասել՝ օպերատիվ տեղեկություններ ունեմ, որ դուք հիմա բռնաբարություն եք անելու, եւ բերման ենթարկել։ Կարծում եք անհեթեթ բա՞ն եմ ասում։ Բնավ։ Այս «փաշինյանամեծար» ոստիկանությունից ամեն ինչ սպասելի է։
Հ. Գ. Ոստիկանապետի հանձնարարությամբ ոստիկանների այդ օրվա գործողությունների ծառայողական քննություն է սկսվել։ Միայն միամիտները կարող են հավատալ, թե ոստիկանները բիրտ ուժը կիրառել են առանց ոստիկանապետի ու հենց Փաշինյանի իմացության։ Ուստի շատ բան չսպասեք։ Առավելագույնը՝ մի երկու հոգու քավության նոխազ կնշանակեն («ապեր, չնեղանաս, էս անգամ մեղավորը դու պիտի լինես») սկզբունքով, իսկ քննությունն էլ կջրեն, կգնա։ Կասեն՝ ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։