ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնելու ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին եւ առհասարակ վերանայելու այդ երկրին հատկացվող օժանդակությունը։
Պետքարտուղար Բլինքենին հասցեագրված նամակում Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում: Նա շեշտել է, որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձեւի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձեւի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։
Մենենդեսը հղում է արել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի զեկուցել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակության ազդեցության վերաբերյալ։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը չպետք է անաչառ երեւալու համար նվազեցնի ադրբեջանական հարձակումների ծավալը։
Կոնգրեսականը, մեջբերելով Բայդենի՝ «…երբ բռնապետները գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում» պնդումը, շեշտել է, որ ԱՄՆ-ը բացառիկ հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ վերջինս փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը։