Լեհաստանում ածուխը կտրուկ թանկացել է ու դժվարությամբ է ճարվում, եւ շատ լեհեր փորձում են ածուխ գնել Լեհաստանի սահմաններից դուրս։ Որոշ բնակիչներ նույնիսկ Լեհաստանից 400 կմ ճանապարհ են անցնում՝ էժան ածուխ գնելու համար։
Ըստ Onet.pl-ի՝ Ուկրաինայից էժան ածուխ գնելը բավական դժվարացել է, ուստի բազմաթիվ լեհեր փորձում են ածուխ ձեռք բերել Չեխիայից եւ Սլովակիայից, որտեղից եւս այնքան էլ դյուրին չէ ածուխ ձեռք բերելը։
Չեխական մամուլի հրապարակումներում, օրինակ, ասվում է, որ լեհական սահմանին մոտ վառելիքի պահեստներում նախորդ ուրբաթ եղել է 30 տոննա ածուխ, իսկ երկուշաբթի արդեն այդ քանակությունը լիովին սպառված է եղել։
Լեհաստանում մեկ տոննա ածուխն արժե 20 հազար կրոն, որը համարժեք է 3,8 հազար զլոտու կամ 780 ամերիկյան դոլարի։ Չեխիայում մեկ տոննա ածուխն արժե 5,5 հազար կրոն, որը համարժեք է 1,1 հազար զլոտու կամ 226 ամերիկյան դոլարի։
Բերված գները, սակայն, վերաբերում են գորշ ածխին, որը կալորիականությամբ զիջում է քարածխին։ Իսկ քարածուխը Չեխիայում այնքան թանկ է, որ գնային հարաբերակցությամբ համարժեք է Լեհաստանում եղած գներին։
Սլովակիայում 1 տոննա ածուխն արժե 534 դոլար։ Ածխի գնորդները ճանապարհի 1 կմ-ի վրա ծախսում են 1 դոլար։
Պարբերականը նշում է, որ ջեռուցման համար ածխի օգտագործումը, իհարկե, վնասում է բնապահպանությանը, սակայն հիմա բնապահպանության մասին քչերն են մտածում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը