Հարավաֆրիկյան Milkor Ltd պաշտպանական հոլդինգը Africa Aerospace & Defense (AAD-2022) սպառազինության 11-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է Milkor 380 հետախուզական-հարվածային անօդաչու սարքը, որը, մշակողների համոզմամբ, կդառնա թուրքական Bayraktar-ի ուժեղ մրցակիցը:
«Milkor 380-ը միջին բարձրության ԱԹՍ է` թռիչքի մեծ տեւողությամբ, մեքենայի գործառույթն ընդգրկում է ինչպես հետախուզությունը, այնպես էլ ռազմական կիրառում: Այն ստեղծվում է ոչ միայն Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմաօդային ուժերի, այլեւ արտահանման ուղարկելու համար: Որպես մեր ԱԹՍ-ի հիմնական մրցակից տեսնում ենք թուրքական Bayraktar-ը եւ Anka-ն, ինչպես նաեւ General Atomics-ի (ԱՄՆ) արտադրության անօդաչու սարքերը»,- պատմել է ընկերության ներկայացուցիչը:
Հարավաֆրիկյան դրոնի թռիչքի առավելագույն հեռավորությունը 2 հազար կիլոմետր է, բարձրությունը՝ ավելի քան 9 կիլոմետր, առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ, թռիչքի տեւողությունը՝ 35 ժամ: ԱԹՍ-ի զանգվածը 1,3 տոննա է, օգտակար բեռնվածությունը` 210 կիլոգրամ: Milkor 380-ը զինված է «օդ-ցամաք» դասի տարբեր հրթիռներով, ներառյալ թիրախավորման լազերային համակարգով:
Հարավաֆրիկյան ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Milkor 380-ը փորձարկումների եզրափակիչ փուլում է:
«Մեր մրցակցային առավելությունն այն է, որ անօդաչուի ամբողջ բաղադրամասային բազան արտադրում են հարավաֆրիկյան ընկերությունները, Milkor-ը նաեւ պատրաստ է այդ անօդաչուների կառավարումն ուսուցանելու պատվիրատու երկրների օպերատորներին»: