«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան «Ճանապարհորդ» արշավախմբի հետ Տավուշի մարզ քայլարշավի էի գնում։ Երբ ճանապարհին կանգ առանք՝ սրճելու, ֆեյսբուքում կարդացինք Նիկոլ Փաշինյանի գրառումը պատերազմի մասին։ Անմիջապես զանգեցի հրամանատարիս՝ Հայկ Մանուկյանին: Առանց բարեւելու ասաց՝ սկսվել է։ Տաքսի նստեցի, գնացի տուն, վերցրի դեռ 2016 թվականից մնացած ուսապարկս, զինվորական հագուստս, անհրաժեշտ պարագաներ եւ անմիջապես գնացի ԵԿՄ շտաբ»,- պատմում է մեր զրուցակից Անդրանիկ Բաղդասարյանը։
Անդրանիկը պատմաբան է, տասնմեկ տարի է՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ ուսումնասիրում է ավանդական պարերը, «Կարին» ավանդական երգի եւ պարի անսամբլի անդամ է, հինգ տարի է՝ զբաղվում է զբոսավարությամբ, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամ է։
«Իհարկե, մեծ ցավով արձագանքեցի. թշնամին շարունակում էր չավարտված պատերազմը։ Սակայն ցավի հետ միախառնվել էր սերը առ հայրենիք, հասկանում ես, որ անպայման պետք է մեկնես առաջնագիծ։ Ընտանիքիս անդամները գիտեին, որ հաստատ գնալու եմ, Ապրիլյան պատերազմին էլ կամավոր էի մեկնել: Միայն մայրս փորձեց հետ պահել, բայց ապարդյուն։ Եղբայրներս ոչինչ չասացին, իսկ հայրս, ինչպես միշտ, իր խորհուրդներով ճանապարհեց ինձ»,- պատմում է Անդրանիկը։
Սեպտեմբերի 29-ին արդեն Արցախում են եղել՝ «Եղնիկներ» կոչվող զորամասի տարածքում, որն առանձնանում է իր շքեղ բնությամբ: Մեր զրուցակիցը ուրախությամբ է նշում, որ թշնամին այդտեղ մեծ առաջխաղացում չունեցավ։
«Զգացողությունները շատ տարբեր էին, իհարկե կային վախ, անհանգստություն, անհնար էր մահվան մասին չմտածել։ Գերի ընկնելու մասին ընդհանրապես չեմ մտածել, կողքիս այնպիսի տղաներ կային, որ կմեռնեինք, բայց քիչ հավանական էր՝ գերի ընկնեինք։ Երբ գիտակցում ես հայրենիքի գինը, այդ ամենը հետին պլան է մղվում։ Անասելի մեծ հպարտություն կար, որ կռվելու էինք Արցախը ազատագրած մեր ֆիդայիների ոգով, կռվելու էինք մեր հայրենիքի համար՝ վստահ լինելով, որ ոչ միայն հաղթելու ենք, այլեւ առաջ ենք գնալու դեպի Գյուլիստան եւ Գանձակ»,- պատմում է Անդրանիկը։
Զորքի տրամադրվածությունը շատ լավ է եղել, իհարկե եղել են նաեւ դժվար օրեր, պահեր, բայց այդ դժվարություններն էլ են ուժ տվել կռվելու։ Որեւէ բանի պակաս չեն ունեցել, սնունդն էլ, հագուստն էլ ժամանակին են ստացել, հրետանակոծությունների հետեւանքով էին միայն երբեմն ուշանում։ Անգամ լիմոն, իմբիր եւ այդպիսի բազմատեսակ սնունդ են ստացել, որի համար շնորհակալ են պաշտպանության նախարարությանը, պաշտպանության բանակին եւ կամավորներին, որոնք ջանք չեն խնայել իրենց համար։
Անդրանիկը չգիտի՝ հերոսությունն ինչ է, ո՛չ իրեն, ո՛չ էլ ընկերներին հերոս չի համարում, իրենք հայրենիքի զինվորներ են, ցավում է, որ այսպես եղավ, եւ կոտրվեց մեր ողնաշարը։
Արցախում Անդրանիկը մեկ ամիս է մնացել, նոյեմբերի սկզբին վերադարձել է Երեւան, մրսածության դեմ տնային պայմաններում է բուժվել, չի դիմել պետական օգնության։
«Պատերազմի ավարտի այդքան սպասված լուրը, իհարկե, շատ ցավոտ էր։ Ամեն տեղ խնդիրներ կան, բայց կռվող զինվոր ու փախչող փոխգնդապետ՝ երեւի թե միայն մեզ մոտ։ Պարտության պատճառների մասին չեմ ցանկանում խոսել, վերահսկող մարմինները կգտնեն, ես զինվոր եմ։ Պատերազմը չի ավարտվել, մենք ապրում ենք նույն պատերազմում՝ ուղղակի այժմ ավելի շատ մեռնելով հոգեբանորեն։ Փորձում եմ վերադառնալ կյանք, բայց եղածը չեմ կարողանում հաղթահարել, ընկերներս չկան, իրենց տեղը ոչ ոք չի կարող լրացնել, դա ինչպե՞ս հաղթահարել»,- այսպես է զրույցը եզրափակում Անդրանիկ Բաղդասարյանը։