Շիրակի մարզում ընթացքի մեջ է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի Կառավարության աջակցության ծրագիրը: Աջակցությունից օգտվողները հավաստագրված ցորենի սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հեկտարի համար 120 հազար, չհավաստագրվածը ցանելու դեպքում էլ 70 հազար դրամ կստանան: Այդ գումարով գյուղացին կհոգա մշակման ծախսի գրեթե կեսը: Գումարը հողագործի ձեռքը կհասնի միայն գարնանը, երբ մշտադիտարկում կարվի, կհաստատվի, որ ցորենը ցանված է, սերմը՝ ծլած:
Մասնագիտությամբ գյուղատնտես Վարդան Իկիլիկյանը տարիներ շարունակ բարձրաձայնում էր, որ անհրաժեշտ է ուղղակիորեն խթանել հացահատիկի արտադրությունը: Օրվա հրատապ հարցերի համատեքստում չի կարեւորվում մտահոգիչ մի խնդիր. պարենի անվտանգության խնդիր կա, հատկապես հիմա, երբ կորցրինք Արցախից հացահատիկ ստանալու հնարավորությունը:
Գյուղատնտեսը վստահեցնում է, որ ցորենի մշակումը շահութաբեր չէ, բայց պարենային անվտանգության կարեւոր երաշխիք է: «Թեեւ ծրագրով ծախսերի կեսն է հաշվարկված, բայց մի քիչ հանգիստ կլինի գյուղացին: Թեկուզ քիչ, բայց հնարավոր է որոշակի եկամուտ ունենան, եթե երաշտն ու կարկուտը իրենց սեւ գործը չանեն»: Իկիլիկյանը մտահոգիչ թվեր է ներկայացնում. «Այսօրվա դրությամբ մեր արտադրած հացահատիկը մեզ կբավարարի տարվա միայն երեք ամիսը: Աստված մի արասցե, եթե շրջափակվենք ու ցորեն չներկրենք»:
Ինչու ցորենից եկամուտ չենք ստանում՝ գյուղատնտեսը մասնագիտական բացատրություն է տալիս. «Մեր հողերի ագրոքիմիական կազմը խախտված է: Միայն ազոտով ենք պարարտացնում, այնինչ հողը մեզնից հանքային պարարտացում է պահանջում: Պետությունը հանքային պարարտանյութ չի ներկրում, ներկրածն էլ աստղաբաշխական գնով է վաճառվում: Ցածր ինքնարժեք ունեցող ցորենի համար էլ գյուղացին մեծ ծախսեր չի անի, հանքային պարարտանյութ չի գնի»: Գյուղատնտեսն ասում է՝ նախ գյուղնախարարություն պետք է ունենայինք, այնուհետեւ հույս փայփայեինք, որ կլսեին մասնագետներին ու գյուղատնտեսությունը կընկալեին որպես գիտություն: Ասում է, որ ցորենի արտադրությունը խթանելու ծրագիր է իրականացվում, լավ է, բայց հուսանք՝ իրո՛ք կարվի:
Ռուսաստանի Դաշնությունից ցորենի լիցենզավորված սերմեր ներկրող Վարդան Ղազարյանը 150 տոննա վաճառել է արդեն: Նոր խմբաքանակը ճանապարհին է: «Չորս տեսակի հավաստագրված, բարձրորակ էլիտա եմ ներկրում, 280 դրամով վաճառում: Հիմնական գնորդները չեն փոխվել, ինչպես կային, այնպես էլ մնացել են ցորեն մշակող խոշոր գյուղատնտեսները,- ասում է ներկրողն ու ավելացնում,- ճիշտ է, լուրջ ծրագիր է, բայց մանր գյուղացիական տնտեսությունները դեռ գրեթե չեն օգտվում»:
Ախուրյան խոշորացված համայնքի 35 բնակավայրերը սպասարկող համայնքապետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հովիկ Մելքոնյանն ասում է՝ ցորեն մշակել ցանկացողների ակտիվությունը թույլ է: Օրական նույնիսկ տասը հոգի չի մոտենում հերթագրվելու: «Հավանաբար, հայկական սովորույթի համաձայն, վերջին երկու օրում հերթեր կգոյանան»: Որ ծրագրի շնորհիվ մարզում ցորենի մշակման բում լինի, Մելքոնյանը չի հավատում, բայց ցանքատարածությունների մի փոքր ավելացում կանխատեսում է:
«Լավ է, որ սերմերի որակը փոխվի. հավաստագրված սերմ կցանենք, բերքի որակական փոփոխություն կունենանք: Բայց վատ է, որ այս պահին գյուղացին գումար պետք է ներդնի, ցանքս կատարի գարնանը միայն փոխհատուցում ստանալու ակնկալիքով»,- ասում է Մելքոնյանը:
Կմտնի՞ գյուղացին նոր պարտքերի տակ, կցանի՞ չմշակված հողերը, թե՞ կրկին ցանողը կցանի, չցանողը՝ ոչ, պարզ կլինի աշնան վերջին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։