Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը Carnegie Europe կայքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը։ Նա մասնավորապես գրել է․ «Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները Հայաստանում լրջորեն խաթարել են կարգավորման հնարավորությունները։ Եվրամիության միջնորդությամբ ընթացող միակ կենսունակ խաղաղության բանակցությունները կարիք ունեն միջազգային մեծ աջակցության։ Սովորական ժամանակ Հարավային Կովկասում բռնության նման պոռթկումը մեծ ուշադրության կարժանանար»։
Հոդվածագիրը նշում է, որ բախումը տեղի է ունեցել երկու շաբաթ անց Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցային չորրորդ հանդիպումից, որի ընթացքում ձեռք էր բերվել որոշակի առաջընթաց։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանը բավական ծանր ու նվաստացուցիչ վիճակում էր հայտնվել Խարկովում։
Փորձագետը նկատում է նաեւ, որ որոշ լրատվամիջոցներում թյուր կարծիք կա, թե բախումները եղել են ավելի քան երեսնամյա հակամարտության թատերաբեմ հանդիսացող Ղարաբաղում: Սակայն այնտեղ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, քանի որ առկա է ռուս խաղաղապահների բազա։ Գործողությունները Հայաստանի տարածքում են։ Վաալը նկատում է, որ տեղի ունեցածն ըստ էության համապատասխանում է Իլհամ Ալիեւի կողմից կիրառվող՝ Հայաստանին խաղաղության հարկադրելու դրույթին։ Բացի այդ՝ Ալիեւը 2020 թվականին իր ոչ բոլոր նպատակներին է հասել։ Նա այլ նպատակներ եւս ունի։
Առաջինը Հայաստանին խաղաղության պայմանագիր ստորագրելուն հարկադրելն է, որով վերջինս կհրաժարվի մեծամասնաբար հայ բնակչություն ունեցող Ղարաբաղի երկրամասից։ Երկրորդը Հայաստան-Ադրբեջան սահմանագծումն է Ադրբեջանին ձեռնտու պայմաններով։ Երրորդը նոր ճանապարհային ուղին է, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի հետ։ Այդ ճանապարհը Ալիեւն անվանում է «Զանգեզուրյան միջանցք», եւ այն լինելու է նվազագույն ստուգումների ռեժիմով երթուղի։
Բացի այդ՝ Ադրբեջանը կարծես թե թիրախավորում է Ռուսաստանին, որը գլխովին խրված է Ուկրաինական պատերազմում, եւ ուզում է ապացուցել, որ Ռուսաստանը չի օգնում ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին, եւ ՀԱՊԿ-ը թղթե վագր է ընդամենը, քանի որ Ռուսաստանը չի կարողանում գործել նաեւ ղրղզա-տաջիկական սահմանային բախումների ժամանակ։ Վաալը կարծում է, թե այս բախումները չեն կարող նշանակել, թե հայ-ադրբեջանական բրյուսելյան բանակցություններն անիմաստ են ու ժամանակի անտեղի կորուստ։
Բայց առանձին խնդիր է Ռուսաստանի գործոնը։ Նախ՝ Ռուսաստանը շարունակում է միջնորդ լինել կողմերի միջեւ եւ ունի ազդեցիկ շահեր, նույնիսկ եթե կողմերի մեջ նրա հանդեպ, որպես ազնիվ միջնորդի, կա վստահության պակաս։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, Մոսկվան հանդես է գալիս խաղաղության պայմանագրի նախագծով, որում Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է անորոշ ժամանակով, ինչը հայերին ավելի է դուր գալիս, քան եվրոպացիների առաջարկածը։
Միաժամանակ, Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ԵՄ-ին եւ հույսեր է ներշնչել Հայաստանին՝ Ֆիլիպ Ռիկերին նշանակելով Կովկասում նոր բանագնաց, որը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում լինելու է ամերիկացի նոր համանախագահը։ Երեւանը նախկինի նման աջակցում է բանակցային-միջնորդական այս մեխանիզմին։ Եվ որպեսզի հայ-ադրբեջանական բրյուսելյան բանակցությունները հաջողեն, ըստ Թոմաս դե Վաալի, պետք է վերջինիս աջակցեն թե՛ Եվրահանձնաժողովը, որը գազային-էներգետիկ գործարքներ ունի Ադրբեջանի հետ, ինչը Բաքուն յուրատեսակ հաղթանակ է համարում, թե՛ ԵՄ անդամ պետությունները եւ թե՛ Միացյալ Նահանգները։ Եթե բանակցային այս հարթակը ձախողվի, ապա կա՛մ ասպարեզում նորից կհայտնվի Մոսկվան՝ նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնելով, կա՛մ պետք է սպասել նոր պատերազմի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը