Ադրբեջանի սանձազերծած սահմանային էսկալացիայից հետո շատերի համար անսպասելի էին ԱՄՆ-ի հասցեական արձագանքն ու Ադրբեջանին սանձող հայտարարությունները։ Դրան զուգահեռ առավել վրդովեցուցիչ էր, որ Ռուսաստանը Հայաստանին էր մեղադրում չդեմարկացված սահմանների համար եւ խոսում իր փաթեթային առաջարկների ու նոյեմբերի 9-ի հայտարարության անվերապահ կատարման մասին։
Այդ ամենի ֆոնին առանցքային նշանակություն է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային ամենակարեւոր ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից։ Շատերը, իրավամբ, սպասում էին Նիկոլ Փաշինյանի «զելենսկիացմանը»՝ երկիրը համախմբող, միասնություն ու վստահություն ներշնչող առաջնորդի խոսքի։ Սակայն, ինչպես եւ նախորդ դեպքերում, ականատես եղանք անատամ, «լացակումած», խրիմյանական ոճի «թղթե շերեփ» ելույթի։
Փաշինյանը, շարունակելով Խրիմյան Հայրիկի՝ անպետություն ժամանակների այդ խորհրդանիշի ոճը, միջազգային հանրությանը մեղադրում էր «լռության», անատամ հայտարարությունների համար եւ, միաժամանակ, վերադառնալով 1988 թվական, ակնկալում փաստահավաք խմբերի առաքելություններ ու միջազգային աջակցություն։
Միջազգային աջակցություն այն պայմաններում, երբ «Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել»։ Էսկալացիայի մեկ այլ պատճառ, ըստ Փաշինյանի, կարող է դառնալ այս իրավիճակին տարածաշրջանային կազմակերպությունների «ոչ պատշաճ արձագանքը»։ Սա էլ, իհարկե, հասցեական եւ ուղիղ ակնարկ է Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին։
Ելույթի թագն ու պսակը, իհարկե, տողատակային մեղադրանքն է Ռուսաստանին եւ նրա կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականությանը. «Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձեւավորվել եւ աշխատում է սահմանազատման եւ անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ագրեսիան։ Գիտեք՝ եթե ինչ-որ մեկի մոտ ագրեսիվության ավելցուկ կա, պատճառ միշտ կգտնվի։ Ինչպես ասվում է ֆիլմում, միշտ հնարավոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին։ Ո՞վ է սպանել, ինչպե՞ս, ե՞րբ եւ ինչո՞ւ, կարեւոր չէ. իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է եւ շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար»։
Փաստորեն, լինելով աշխարհի ամենահեղինակավոր քաղաքական ամբիոնում, հնարավորություն ունենալով իր խոսքն ուղղելու հարյուրհազարավոր լսողների ու որոշում կայացնողների, ՀՀ ղեկավարը հայ-ադրբեջանական կոնֆլիկտը բացատրում է «ինչ-որ մեկի ագրեսիվության ավելցուկով»։
Ավելի անմեղսունակ խոսույթ հնարավոր չէ պատկերացնել։ Փաստորեն, այս խոսքով ու այս գնահատականով ավարտվում է ցանկացած խոսակցություն, ցանկացած բանակցության հնարավորություն հենց Ադրբեջանի հետ։ Իսկ մեր պարագայում բանակցության բացակայությունը պատերազմն է։ Չէ՞ որ «ինչ-որ մեկի ագրեսիվության ավելցուկը» արդեն անչափելի, անգնահատելի, անբացատրելի սուբյեկտիվ կատեգորիա է, որն ընկալելի չէ այն լսարանի համար, որին դիմում ես։
Իսկ լսարանին դիմում ես ոչ թե հասուն ու սթափ քաղաքական գործչի խոսքով, այլ նեղացած պարմանու, որին նեղացնում են, ծեծում, եւ որը շուրջբոլորը գոռում է, որ իր հակառակորդը քաղաքական հակառակորդ չէ, ադեկվատ չէ, այլ ագրեսիվության ավելցուկ ունի։
Փաստորեն լիրիկական զեղումները կարելի է դարձնել բարձր ամբիոնի նյութ եւ աշխարհի հետ խոսել լացի ու աղերսանքի լեզվով։ Գալ ամբիոն ու մեղադրել միակ ուժին, որը զենք ու զորքով կանգնած է տարածաշրջանում եւ դե ֆակտո որոշում է՝ ով ում վրա, երբ եւ որքան հարձակվի։
Այսպիսի որոշումների արդյունք էր նաեւ 44-օրյա աղետն ու հետագա գահավիժումը։ Ստացվում է՝ մեր առջեւ կախված ֆիզիկական, էքզիստենցիալ մարտահրավերներին մեր երկրի ղեկավարը պատասխանում է լիրիկայով, ինչպես մի պոետ, Պլատոնի երազական թագավորության առաջնորդ։ Բայց մենք ոչ թե պոետների, այլ ողջախոհության ու սթափ բանականության կարիք ունենք։ Բանականություն, որի նշույլն անգամ չի նշմարվում։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։