Բրիտանացի երգիչներ Հարի Սթայլսն ու Էդ Շիրանը, ամերիկացի բասկետբոլիստ եւ դերասան Շաքիլ Օ’Նիլը, ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն եւ այլ համաշխարհային մեծության աստղեր իրենց անձնական իրերը նվիրաբերելով մասնակցել են ռուսական լայնածավալ ներխուժման դեմ պայքարող Ուկրաինայի համար դրամահավաքին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադրամը սեպտեմբերի 24-ին գործարկել է Human Kind կայքը, որում անցկացվում են խաղարկություններ հօգուտ Ուկրաինայի: Սթայլսը մասնավորապես նվիրել է ինքնագրով ձայնասկավառակ, Օ’Նիլն ու մյուս մարզիկները` ստորագրված մարզաշապիկներ:
Վլադիմիր Կլիչկոն նվիրել է իր բռնցքամարտի ձեռնոցը, բրիտանացի փոփ-լեգենդ Էնի Լենոքսը`արեւապաշտպան ակնոցը: Լենոքսն ընդգծել է, որ խորապես ցնցված է Ուկրաինայում ընթացող պատերազմի դրվագներից եւ կոչ է անում օգնելու այդ երկրի բնակիչներին:
ԱՀԿ Հիմնադրամն իր թողարկած խաղարկությունների կայքով մտադիր է հավաքել ավելի քան 55 միլիոն եվրո, որպեսզի աջակցի ԱՀԿ գործունեությանն Ուկրաինայում եւ հարեւան երկրներում: Խաղարկություններին մասնակցել ցանկացողները պետք է մեկ խաղարկային տոմսի համար վճարեն 5-10 եվրո: Հաղթողները կորոշվեն հոկտեմբերի 31-ին:
ԱՀԿ-ն հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի օրվանից ի վեր Ուկրաինային տրամադրել է 1300 տոննա մարդասիրական օգնություն, մասնավորապես՝ դեղորայք, շտապ բուժօգնության մեքենաներ, վիրահատական սարքավորումներ եւ այլն:
Պատրաստեց Արման Գրիգորյանը