ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան համոզված է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը, որն ունեն Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, պետք է վերացվի: Ըստ նրա՝ վետոյի իրավունքին այլընտրանք կարող է դառնալ ձայների մեծամասնությամբ որոշումներ կայացնելը։
Ըստ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ Անկարան անդրադարձել է նաեւ Ռուսաստանին միանալու հարցով Զապորոժիեում, Խերսոնում, Դոնեցկում եւ Լուգանսկում նախօրեին մեկնարկած հանրաքվեներին:
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Քալըն էլ հայտարարել է, որ Անկարան չի ճանաչի Ուկրաինայում միակողմանի հանրաքվեների արդյունքները: «Թուրքիայի դիրքորոշումը 2014-ից ի վեր չի փոխվել. մենք չենք ճանաչել նաեւ Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս պատերազմում Կիեւի կողմից ենք»,- ընդգծել է Էրդողանի խորհրդականը:
Քալընը նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի պատճառով ուկրաինական հակամարտությունը կարող է ձգձգվել։
Վաշինգտոնը նույնպես դատապարտել է հանրաքվեների անցկացումը: Ջո Բայդենը զգուշացրել է՝ Միացյալ Նահանգները կաշխատի դաշնակիցների հետ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական լրացուցիչ հզոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Արեւմուտքի ոչ մի սպառնալիք չի փոխի Ռուսաստանի վճռականությունը՝ կյանքի կոչելու ռազմական գործողության նպատակները, նշելով, որ հանրաքվեների անցկացումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: