Ըստ La Repubblica պարբերականի՝ Իտալիայում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած խորհրդարանական Սենատի (խորհրդարանի վերին պալատի) արտահերթ ընտրություններում ընտրական հանձնաժողովի պարտականությունները կատարող ներքին գործերի նախարարության՝ քվեաթերթիկների ավելի քան 90%-ի մշակումից հետո պարզվել է, որ աջ կենտրոնամետ կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ», Իտալիայի ներքին գործերի նախարար, Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինյիի «Լիգա» եւ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցությունների կազմով հավաքել է 44,53%:
Ինչ վերաբերում է Պատգամավորների պալատին, ապա աջ կետրոնամետները հավաքել են 44,34%: Այսպիսով՝ աջ-կենտրոնամետ ուժերը պառլամենտի ստորին պալատում կստանան մինչեւ 259, իսկ Սենատում՝ մինչեւ 129 տեղ:
Հաղթած կոալիցիայում առաջատար ուժը «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն է (Սենատում՝ 26,39%, Պատգամավորների պալատում՝ 26,44%): Կուսակցության կին առաջնորդ Ջորջա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի կառավարության ղեկավարի պաշտոնում: Կառավարության ձեւավորմանը կմասնակցնեն «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» դաշնակից կուսակցությունները, որոնք Սենատի ընտրություններում հավաքել են քվեների համապատասխանաբար 9%-ը եւ 8,23%-ը եւ մոտավորապես նույնքան էլ Պատգամավորների պալատում:
Եվրախորհրդարանում մտահոգված են Իտալիայի ընտրությունների արդյունքներով, քանի որ վարչապետի պաշտոնի հավանական թեկնածու՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ղեկավար Ջորջիա Մելոնիի քաղաքական մոդելներն են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ Իտալիայում աջ կենտրոնամետ կոալիցիայի եւ Շվեդիայում աջակողմյան լիբերալ դաշինքի հաղթանակները չեն ազդի Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող աջակցության չափի վրա։
Ֆոն դեր Լայենը նաեւ սպառնացել էր, որ եթե ընտրություններից հետո Իտալիայում իրավիճակը «բարդանա», Եվրահանձնաժողովը կօգտագործի Լեհաստանի եւ Հունգարիայի նկատմամբ նախատեսվող միջոցները։ Այս պետություններին սպառնում են տարբեր պատժամիջոցներ՝ Եվրամիության ընդունած նորմերը չկատարելու համար։