Իրանցի քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ֆաիզե Հաշիմին մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին:
Հաշիմին իրանական քաղաքականության ազդեցիկ դեմքերից մեկի՝ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանիի դուստրն է:
Ըստ Mostaghel թերթի՝ Ֆաիզե Հաշիմին նման որոշում է ընդունել Իրանի քաղաքական համակարգում կանանց իրավունքների ոտնահարումների դեմ պայքարի շրջանակներում։
Նախկին պատգամավորը հայտարարել է, որ ներկա պայմաններում իբրեւ կին հնարավորություն չունի ազատ զբաղվելու քաղաքականությամբ։
Հաշիմին վստահ է, որ պահպանողականների շահերով առաջնորդվող Սահմանդրության պահապանների խորհուրդն իր թեկնածությունը չի հաստատի ընտրություններում։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության քաղաքական շրջանակները դժգոհում են իր հնչեցրած քննադատական արտահայտություններից։
«Նրանք անգամ չհաշտվեցին այն մտքի հետ, որ բուհում հարյուր ուսանողի եմ դասավանդում։ Արդեն իսկ հասկանալի է՝ ինչ որոշում կընդունի Սահմանդրության պահապանների խորհուրդը նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությանս առթիվ։ Սակայն եթե պահանջվի, ես դա կանեմ խորհրդանշական կարգով, քանի որ հավատում եմ՝ կանայք ընտրություններին առաջադրվելու իրավունք ունեն»,- հավելել է Ֆաիզե Հաշիմին։
Նախագահական ընտրություններն Իրանում նշանակված են այս տարվա հունիսի 18-ին։