Պաշտոնական Կիեւը քննադատել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը՝ Ղրիմում հողամասի սեփականության իրավունքների մասին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել մարտի 20-ին, նախատեսում է Ղրիմի թերակղզում Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող անձանց համար հողի սեփականության իրավունքի սահմանափակում: Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ հրամանագիրը իրավաբանական ուժ չունի, եւ որ երկրի ինքնիշխանությունը վերականգնելուց հետո օրինական սեփականատերերի ոտնահարված իրավունքները նույնպես վերականգնվելու են: Նա շեշտել է, որ Ղրիմի տարածքների մեծ մասում հողեր ունենալու արգելքը համահունչ է Ուկրաինայի քաղաքացիների ճնշմանը, նրանց հանդեպ խտրականությանն ու բռնակցված թերակղզուց բնակիչների տեղահանման քաղաքականությանը:
Ռուսաստանի նախագահի հրամանագիրն ազդեցություն է ունենալու թերակղզու շուրջ 11,5 հազար հողակտորների վրա, որոնք ծովափնյա շրջաններում են: Այդտեղ հողատարածք ունենալու արգելքը տարածվում է 55 երկրների վրա, այդ թվում ՝ Ուկրաինայի եւ Գերմանիայի: Փաստաթուղթը ստորագրել էր անցյալ տարի, Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող հողատերերը մեկ տարի ժամանակ ունեին՝ իրենց հողերն անձամբ վաճառելու ՌԴ քաղաքացիների կամ Ռուսաստանում գրանցված իրավաբանական անձանց: Նշվում է, որ Եւրամիությունը ժամանակին հրաժարվել էր ճանաչել Կիեւի կողմից քննադատության արժանացած այս փաստաթուղթը: