Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Սալեհին հայտարարել է, որ հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահիրզադեի սպանության գործի քննության շրջանակում 14 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նրանք մեղադրվում են իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցության, Իսրայելի օգտին լրտեսության, կոռուպցիայի, երկրի անվտանգության խաթարմանն ուղղված դավադրության մեջ ներգրավման, իրանական ազգային անվտանգության դեմ գործողություններ կատարելու համար։
Միջուկային ֆիզիկոս, գիտնական Մոհսեն Ֆահիրզադեն սպանվել է 2020-ի նոյեմբերի 27-ին բազմասպեկտանի ահաբեկչական գործողության հետեւանքով Թեհրանից հյուսիս-արեւելք գտնվող ոչ մեծ քաղաքում։ Իրանական կողմը սպանության համար մեղադրել է Իսրայելին։ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Ֆահիրզադեի սպանության հետեւում կանգնած են «Մոջահեդդին-ալ-Խալք» կազմակերպության ահաբեկիչները, Իսրայել պետությունն իր «Մոսսադ» հետախուզական ծառայության հետ։
Սպանությունից մոտ մեկ տարի անց ամերիկյան New York Times պարբերականը հաղորդել էր, որ իսրայելական «Մոսսադ» հետախուզական ծառայությունը, կիրառելով հեռավար «ռոբոտ-մարդասպան», սպանել է Ֆահիրզադեին: Պարբերականը պնդել է, թե Ֆահիրզադեն ավելի քան 14 տարի հատուկ հսկողության ներքո էր, իսրայելական կողմը 2007-ից հետեւել է նրա կարիերայի աճին, 2019-ին էլ նախապատրաստել սպանությունը՝ այն իրագործելով 2020-ին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը