Energy Aspects Ltd-ի տվյալներով՝ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը կարող է տեւել մինչեւ 2023-ի վերջը, քանի որ տարածաշրջանը պայքարում է կայուն պահանջարկի եւ կրճատվող առաջարկի դեմ, որը խորացել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումը գլխիվայր է շրջել էներգետիկ հոսքերը համաշխարհային շուկաներում՝ Եվրոպայում հանգեցնելով բնական գազի գնաճի եւ հարկադրելով դիմել կտրուկ քայլերի, ինչպես Գերմանիայում գազի խոշորագույն ներկրող ընկերության ազգայնացումը։
«Սա մեկ ձմեռային սեզոնով վերջացող պատմություն չէ»,- անդրադառնալով էներգետիկ ճգնաժամին՝ Bloomberg-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Ամիրթա Սենը: Նա նշել է, թե Ռուսաստանն անհրաժեշտ է, որ շուկան հավասարակշռի ոչ միայն առաջիկա ձմեռվա, այլեւ հաջորդ տարվա ձմեռվա համար։ Ամիրթա Սենը շեշտել է, թե այս տարվա չորրորդ եռամսյակում եւս նավթի գների տատանումներ կլինեն՝ պայմանավորված սպասվելիք տնտեսական անկմամբ, Չինաստանի կարանտինով եւ այլ գործոններով:
Նավթը կարճաժամկետ հեռանկարում կվաճառվի ամենայն հավանականությամբ 1 բարելի դիմաց 90 դոլարով, ընդ որում՝ մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կարող է աճել 1 բարելի դիմաց 120 դոլարի։
Շուկայում ներդրողները հետեւում են երկու հիմնական ցուցանիշի՝ ռուսական նավթի համար առաջարկվող գնային վերին սահմանաչափը, եւ թե նավթի հիմնական արտադրող ՕՊԵԿ-ից որքան հավելյալ նավթ կկլանեն Չինաստանն ու Հնդկաստանը դեկտեմբերին ԵՄ-ի ներկրման արգելքը ուժի մեջ մտնելուց հետո։
Ըստ Սենի՝ ասիացի սպառողները կարող են հավելյալ նավթի ծավալ վերցնել, սակայն բանկային պատժամիջոցները կարող են այդ հոսքերը որոշակիորեն սահմանափակել։ Ամիրթա Սենը շեշտել է, թե ակնկալվում է, որ ասիական շուկաներում իր ապրանքանիշային մակնշումը փոխած ավելի շատ ռուսական նավթ կհայտնվի եւ կսպառվի:
Պատրաստեց Արման Գրիգորյանը