Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեով համաձայնել են կենսաթոշակային բարեփոխումների անցկացմանն ու կանանց թոշակի անցնելու տարիքի 1 տարով ավելացմանը։ Կողմ է քվեարկել ընտրողների 50,6 տոկոսը։ Այսպիսով՝ կանանց եւ տղամարդկանց համար թոշակի անցնելու տարիքային շեմը Շվեյցարիայում հավասարվում է՝ 65 տարեկան։
Շվեյցարիայում անցկացվող կենսաթոշակային բարեփոխումների ընդհանուր փաթեթում կենսաթոշակի անցնելու տարիքային շեմի բարձրացումը ամենավիճահարույց հարցն էր։ Բարեփոխումներն ընդհանուր առմամբ միտված են կենսաթոշակային ապահովության պաշտպանությանը ծերացող բնակչության պայմաններում։
Հանրաքվեի մասնակցությունը եղել է 52 տոկոս։ Վերջին անգամ, ըստ AFP-ի, Շվեյցարիայում կենսաթոշակային բարեփոխում անցկացվել է ավելի քան 25 տարի առաջ։ Կենսաթոշակային օրենսդրությունում փոփոխություններ անցկացնելու փորձեր արվել են նաեւ 2004-ին եւ 2017-ին, սակայն անհաջող։
Հանրաքվեի է դրվել նաեւ արդյունաբերական անասնաբուծության արգելման հարցը, որի օգտին հանդես էին գալիս կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, սակայն այս հարցը բնակչության հավանությանը չի արժանացել եւ օրակարգից հանվել է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը