Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ներկայացվել է ավստրալահայ գրականագետ, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք եւ հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպյանի կազմած նոր գիրքը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից «Ալիք մեդիա»-ն տեղեկանում է, որ հեղինակի նոր գիրքը խորագրված է «Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press» («Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921): Հաղորդումներ ամերիկյան մամուլում»
Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը նշում է, որ գիրքը գրվել է Արցախյան երկրորդ պատերազմի ծանր օրերին՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել Արցախի հիմնախնդրի խորությունը եւ հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ժամանակի ամերիկյան մամուլի անդրադարձները:
Գրքի հեղինակ Արա Քեթիպյանը գրքի երեւանյան շնորհանդեսի ժամանակ ասել է, որ նման գիրք հեղինակելու գլխավոր դրդապատճառը Արցախյան երկրորդ պատերազմի օրերին միջազգային լրատվականների այն սխալ պնդումն էր, թե հայ-ադրբեջանական հակասություններն ի հայտ են եկել 1980-ական թթ. վերջին եւ 1990-ական թթ. սկզբին:
Հեղինակը զուգահեռներ է անցկացրել 20-րդ դարասկզբի եւ Արցախյան վերջին պատերազմների միջեւ՝ նշելով, որ երկու դեպքում էլ առկա էին թուրքական ռազմական միջամտությունը եւ միջազգային հանրության անտարբերությունը:
Գրքում ընթերցողին ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դառնում Արցախում, Նախիջեւանում, Զանգեզուրում եւ Բաքվում 1905-1921 թթ. հայերի դեմ թաթարական ագրեսիայի վերաբերյալ ժամանակի ամերիկյան հեղինակավոր վեց պարբերականների (The New York Times, The Boston Daily Globe, The Chicago Tribune, The Christian Science Monitor, The Los Angeles Times, The Washington Post) հրապարակումները: Ներկայացվում են ականատեսների վկայություններ, հաղորդումներ, լուսանկարներ, քարտեզներ եւ այլն։