Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաեւը հայտնել է, որ վրաց-ռուսական Վերին Լարսի մաքսակետը մեկ շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով (Վրաստան-Ռուսաստան) հատել են ավելի քան 37 հազար ավտոմեքենա եւ ավելի քան 115 հազար մարդ։
Տոմաեւը նշել է, որ այս ցուցանիշը 23,3 տոկոսով բարձր է նախորդ հաշվետու շաբաթվա ցուցանիշից։
«Երկրում իրականացվող մասնակի զորահավաքի առնչությամբ վերջին մի քանի օրերին զգալիորեն ավելացել է Վրաստանի ուղղությամբ ուղեւորահոսքը»,- ասել է Տոմաեւը։ Նա հավելել է, որ սեպտեմբերի 26-ին Վերին Լարսի մոտ 3500 մեքենա է սպասվում:
Վրաստանի եկամուտների ծառայությունից հայտնել են, որ Վրաստանում գտնվող բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքային հատուկ ռեժիմի: