Օրերս Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը հայ ռազմագերիների հարցով սուր հայտարարությամբ էր հանդես եկել` նրանց խոշտանգումները համարելով պատերազմական հանցագործություն։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբարել է իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, նշելով, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, եւ HRW-ը փաստագրել է այն:
Կազմակերպությունն իր զեկույցում նշել էր, որ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով եւ խոշտանգումներով: ԱԳՆ խոսնակը հայտարարել է. զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։
«Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը եւ խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: